28.11.2024
Վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ-ում բյուջետային օժանդակության համար ծախսվել է 250 մլն եվրո
07.04.2017
Վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ-ում բյուջետային օժանդակության համար ծախսվել է 250 մլն եվրո

Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում բյուջետային օժանդակության համար ծախսվել է 250 միլիոն եվրո՝ 1 տարվա կտրվածքով միջինում 25 միլիոն եվրո: Բյուջետային օժանդակության շնորհիվ հնարավոր է եղել շատ բնագավառներում բազմաթիվ արդյունքներ գրանցել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը: Ներկայացնելով Հայաստանին տրվող ԵՄ բյուջետային աջակցության մանրամասները նա նշել է, որ բյուջետային օժանդակության շնորհիվ իրենք կարողացել են կառավարման համակարգում կարևորագույն փոփոխություններ իրականացնել: Պաշտոնյայի խոսքով, այդ ամենի շնորհիվ հաջողության են հասել Հայաստանում՝ 24 հազար ֆերմերների վերապատրաստել, ավելի քան 15 դատարանների շենք և 19 դպրոցներ կառուցել և այլն: Օժանդակել են նաև Ընտրական օրենսգրքի ժամանակ կիրառված տեխնոլոգիաների ներդրմանը: «Նախորդ տարի ստորագրել ենք պետական կառավարման բարեփոխումների 20 միլիոն եվրո արժեցող ծրագիր, որի թիրախում կառավարման համակարգերի կատարելագործումն է: Մենք ակնկալում ենք, որ առաջիկա տարիների ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կունենա էլեկտրոնային քարտ, Հայաստանը կունենա էլեկտրոնային առողջապահության համակարգ, որից քաղաքացիները կկարողանան օգտվել քարտի միջոցով»,- ներկայացրել է Աճեմյանը: Նշենք, որ 2017 թվականի սկզբին Հայաստանը ԵՄ հետ ստորագրել է համաձայնագրերի փաթեթ, որով նախատեսվում է 51 միլիոն եվրոյի աջակցության ծրագիր իրականացնել, որից 50 միլիոն եվրոն բյուջետային ծրագիր է: Խոսքը գրանտային միջոցների մասին է, այսինքն պետական պարտքի վրա ավելացում չի լինելու: