ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ մի շարք երկրներում նոր դեսպաններ նշանակելով: Այդպես, ՀՀ նախկին արտգործնախարար, հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն): Մինչ այդ, մեկ այլ հրամանագրով, Հրաչյա Աղաջանյանն ազատվել էր Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը՝ Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա): Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Եգանյանն ազատվել էր Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նշենք, որ թե՛ Արզումանյանի, թե՛ Մարտիրոսյանի դեսպան նշանակվելու մասին լուրերը շրջանառվում են դեռ անցած տարվանից: Մամուլը նաև գրում էր, որ ԱԳՆ ապաշնորհությունից եւ ոչ նախաձեռնողական արտաքին քաղաքականությունից դժգոհ է ոչ միայն ամբողջ հանրությունը, այլ նաեւ իշխանությունները և հենց այս պատճառով էլ դեսպանների մեծ փոփոխություններ են սկսվելու, որի արդյունքում այդ պաշտոններում նշանակվելու են մարդիկ, ովքեր կապ չունեն դիվանագիտական ծառայության հետ: