Չինական ընկերությունը հավաստիացնում է, որ «Հյուսիս-հարավ»-ի բոլոր թերացումները շտկված են
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2` Աշտարակ-Թալին եւ Տրանշ 3` Թալին-Լանջիկ հատվածներ` տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։
Աշտարակ-Թալին 42 կմ ավտոճանապարհի բետոնապատումն ընթանում է բնականոն հունով։ Նախարարը մանրակրկիտ դիտարկեց կատարվող աշխատանքը, արդեն պատրաստ հատվածները, զրուցեց որակի վերահսկիչների եւ ինժեներների հետ։
Շինարարությունն իրականացնող «Իզոլյուքս Կորսան» ընկերության աշխատակիցը ներկայացրեց ընթացիկ փոքր խնդիրները, միաժամանակ հավաստիացնելով, որ աշխատում են վաղ առավոտից մինչեւ երեկոյան ինը։
Թալին-Լանջիկ հատվածում, որտեղ շինաշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը, նախարարի այցերն առավել հաճախակի են։ Այցելությունների ընթացքում մի շարք լուրջ խախտումներ էին արձանագրվել։ Վահան Մարտիրոսյանըշաբաթներ առաջ վերջնաժամկետ էր տվել ընկերությանը, որպեսզի բոլոր խնդիրները լուծվեն` հակառակ դեպքում աշխատանքները կդադարեցվեին, մինչեւ խախտումները շտկելը։
Աշխատանքային քննարկմանը, որպես շահագրգիռ կողմ, մասնակցեցին նաեւ Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները։ Չինական ընկերությունը ներկայացնում էր փոխնախագահ Փան Ծին Րենը, ով հավաստիացրեց, որ բոլոր թերացումները հիմնականում շտկված են։ Դա հաստատող փաստաթղթերն էլ ներկայացրեց նախարարին։
Որակի հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները նույնպես նշեցին, որ փորձագիտական լաբորատորիաները պատրաստ են շահագործման, շինհրապարակում ավելացված է տեխնիկան, թարմացված ու համալրված է աշխատակազմը։ Աշխատում են նաեւ շաբաթ օրերին, օրական` 12 ժամ։
Ամփոփելով քննարկումը՝ նախարարը ներկայացրեց իր դիրքորոշումը. «Խնդիրների մեծ մասն իսկապես շտկված է, բայց մշտական վերահսկողությունն ու կրկնակի ստուգումները շարունակվելու են, եւ ցանկացած թերացման դեպքում աշխատանքները դադարեցնելու հարցը կվերանայվի»։