Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ.
«Մեծարգո պարոն նախագահ,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և ջերմ բարեմաղթանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ:
Ավելի քան քառորդ դար Արցախը կերտում է իր պայքարի, ազատության և ինքնիշխանության պատմությունը՝ ստեղծելով ու ամրապնդելով պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտները: Այդ ժամանակահատվածի մեկ տասնամյակից ավելին բաժին է ընկնում որպես Արցախի նախագահ Ձեր պաշտոնավարման շրջանին, երբ հայկական աշխարհի պատմական մի հատվածում շարունակել է լիարժեքորեն կայանալ և զարգանալ Արցախի հայկական հանրապետությունը:
Դուք Ձեր փորձը, հեղինակությունը և բարդ իրավիճակները արժանապատվորեն հանգուցալուծելու հմտություններն ի շահ Արցախի եք ծառայեցրել նաև դրանից առաջ՝ թե արցախյան ազատագրական պայքարի ու պատերազմի, թե տարբեր պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Իսկ ժողովրդի վստահության քվեով երկու ժամկետ որպես Արցախի նախագահ պաշտոնավարելը վստահաբար վկայում է, որ Դուք հասել եք հաջողության:
Թող այդ հաջողությունը Ձեզ մշտապես ուղեկցի բոլոր պետական ու ազգային ձեռնարկներում և անձնական կյանքում:
Առողջություն ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր ընտանիքին»: