29.11.2024
Մինսկի խումբը սեփական քաղաքական դեմքը փրկելու խնդիր ունի. Աշոտյան
10.07.2017
Մինսկի խումբը սեփական քաղաքական դեմքը փրկելու խնդիր ունի. Աշոտյան

ԵԱՀԿ Մինսկի խումբը, միջնորդ կազմակերպություններն ունեն սեփական քաղաքական դեմքը փրկելու պարտավորություն, որովհետև անհնար է դիմանալ կամ չտեսնելու տալ Ալիևի ռեժիմի կողմից տարվող արկածախնդրությունը, որը ոչ միայն Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ, այլև միջազգային հեղինակավոր կառույցի վստահելիությանն է ուղղված: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողներին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով վաղը Ավստրիայում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Աշոտյանի խոսքով՝ այս իրավիճակը արժանահավատ չի դարձնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային կշիռը, ինչը թե՛ Հայաստանի, թե՛ հենց ՄԽ համանախագահների համար կարևոր հարց է. «Որքա՞ն կարելի է հանդուրժել անպատասխանատու և արկածախնդիր պահվածքն այն դեպքում, երբ այն ուղեկցվում է մարդկային զոհերով: Բանակցային գործընթացի ընթացքը ցույց է տալիս, որ միջազգային հանրության ու, մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահներից ակնկալվում են ոչ թե գործուն ջանքեր, այլ արդյունավետ պարտադրանք Ադրբեջանին վերադառնալու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Առանց բանակցային և տարածաշրջանային մթնոլորտի վերականգնման հնարավոր չէ խոսել խնդրի կարգավորման առարկայական դետալների մասին. այսօր բանակցություններ են բանակցությունների վերականգնման մասին»,- նշեց նա: Արմեն Աշոտյանն ընդգծեց՝ անվտանգության ռեժիմի պահպանումը, ՄԽ կողմից հավանության արժանացած մանդատի ընդլայնման, վերահսկողական մեխանիզմների, մոնիթորինգի և սահմանային միջադեպերը կանխող կամ լարվածության դեպքում մեղավոր կողմին դե յուրե բացահայտող մեխանիզմների գոյությունը պարտադիր պայման են բանակցություններին վերադառնալու համար: Առավել ևս, դա կարևոր է, քանի որ Բաքվի նպատակներից մեկն է դադարեցնել դիվանագիտական բանակցային գործընթացը` լեգիտիմացնելու զանգվածային կերպով ռազմական գործողություներ վերսկսելու սեփական ցանկությունը: Բայց, հավաստիացրեց նա, հայկական կողմը հետևողականորեն օրակարգում է պահելու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման գործընթացը և, ըստ Աշոտյանի, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը հնարավորություն է տալիս վերադառնալու գործընթացի կառուցողական հունին: Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին ավստրիական Մաուէրբախում: