25.11.2024
Գյումրին կարող է դառնալ էլեկտրոնային առեւտրի լոգիստիկ կենտրոն. կառավարությունը ԱՏԳ կհիմնի
prev Նախորդ նորություն

Փակենք, չփակենք. «Ջերմուկ» հանքային ջրի արտադրությունը վնա՞ս է Ջերմուկի շրջակա միջավայրին

Այսօր ՀՀ կառավարության նիստում բավարարվեց մի շարք ընկերությունների ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:


Արտոնություն տրամադրվեց «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին, որի սեփականատերն է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանը։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 20 մլրդ 869 մլն 461 հազար դրամի ներդրում, որից 804 մլն 900 հազար դրամը նախատեսվում է իրականացնել հոսքագծի ձեռքբերման համար, իսկ 20 մլրդ 68 մլն դրամը հումքի եւ սարքավորման ձեռքբերման համար:


Ընկերությունում ներկայումս առկա է 408 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 180 հազար դրամ միջին աշխատավարձով։ Նշենք, որ արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 20 մլրդ 68 մլն 242 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 804 մլն 398 հազար 571 դրամ:


Հարցի քննարկման ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հետաքրքրվեց, թե «Ջերմուկ Գրուպի» կողմից պլաստմասե շշի հումքի ներկրման դեպքում բնապահպանական վճարը արդյոք գանձվում է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակեց. «Փաստորեն «Ջերմուկ» հանքային ջրի արտադրությունն էլ է Ջերմուկի շրջակա միջավայրին վնաս, լիքը վնասակար արտադրություններ կան, մտածենք ինչ անենք, փակենք, չփակենք»։


Ի պատասխան Գրիգորյանի հարցին, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ բոլոր շշալցնող կազմակերպությունները ներկրում են համապատասխան հումքը եւ եթե օրենքով սահմանված է այդ վճարը, ապա վճարում են, անկախ այս հարցից։


ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ ասաց, որ մաքսային սահմանին գանձվում է բնապահպանական վճարը։


Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ իրենց ուշադրությունն այդ հարցի վրա է. «Այս նախագծի հետ կապ չունի, հարցը պարոն Գրիգորյանը բարձրաձայնեց, որ մեր ուշադրությունը հրավիրի, մեր ուշադրությունն էլ հրավիրվել է արդեն, մենք կքննարկենք, եթե հարկային օրենսգիրքը միանշանակ չի տալիս հարցի լուծումը, ապա կդարձնենք միանշանակ»։


Արտոնություն ստացած մյուս ընկերությունը «Գոլդ Քափ» ՍՊԸ-ն է, որի դեպքում նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 4 մլրդ 622 մլն 41 հազար դրամի ներդրում, որից 220 մլն դրամն արդեն իրականացվել է հոսքագծի ձեռքբերման համար, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 23 նոր աշխատատեղ (որից 5-ը արդեն ստեղծվել է)՝ 160 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 4 մլրդ 141 մլն 57 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 269 մլն 168 հազար 738 դրամ:


Արտոնություն տրամադրվեց նաեւ «Զեննի» ՍՊԸ-ին: Ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 440 մլն դրամի ներդրում, հումքի եւ նոր սարքավորումների ձեռքբերման համար:


Ներկայումս առկա է 101 աշխատատեղ` 100,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 394 մլն 845 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 20 մլն 94 հազար 400 դրամ: