«Ռայան Էյր» ավիաընկերության համար Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չվերթեր կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունը, բացի վարչապետի նշած արտոնությունից, որևէ այլ ֆինանսական օժանդակություն ավիաընկերությանը չի ցուցաբերել: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինի հայտարարությանը: «Միաժամանակ, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ կազմակերպելու, զբոսաշրջային հոսքի ավելացնելու նպատակով, կառավարությունը եվրոպացի գործընկերների և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության հետ համագործակցությամբ, գտել է ֆինանսական խթանումն ապահովող բանաձև»,- ասել է Կարապետյանը: Ավելի վաղ Լապշինը Facebook-ում գրառում էր կատարել, որում նշում էր, որ Փաշինյանը պայմանավորվել է ավիաընկերության հետ ամեն ուղևորի դիմաց $76 վճարել Ryanair-ին պետական բյուջեից: