Իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերին կոչ ենք անում՝ դադարեցնել հակասահմանադրական ընթացքը և զերծ մնալ հակապետական գործողություններից։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը՝ անդրադառնալով Ազգային Ժողովի նախագահի արտահերթ ելույթ-կոչին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հայտարարությանը, որ ՍԴ նախագահի լիազորությունները կասեցնելու գործընթաց են սկսում։ Հայտարարության տեքստը՝ ստորեւ․ «Վերջին ամիսներին, անդրադառնալով դատաիրավական համակարգի շուրջ ծավալվող իրադարձություններին, մեր մտահոգությունն էինք հայտնել քաղաքական իշխանության կողմից դատարանների և դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու անթույլատրելիության վերաբերյալ: Ազգային Ժողովի նախագահի արտահերթ ելույթ-կոչը և ԱԺ Իմ Քայլը խմբակցության ղեկավարի հայտարարությունը ոչ միայն եկան հաստատելու մեր մտահոգությունը, այլև ամրագրելու այն իրողությունը, որ իշխող քաղաքական ուժը որդեգրել է ամբողջական մենիշխանություն հաստատելու և սահմանադրական կարգի տապալման ուղին: Հանրային պահանջի անվան տակ, իսկ իրականում առաջնորդվելով սեփական շահերով՝ պետության ինստիտուցիոնալ հենքը կազմաքանդող, երկրում անհանդուրժողականությունն ու ցնցումները խորացնող այս վարքագիծը ոչ մի աղերս չունի ժողովրդավարության հետ: Դատական համակարգի յուրացման նպատակադրումը անհամատեղելի է երկրին այդքան անհրաժեշտ դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ: Դաշնակցությունը, լինելով հայ ժողովրդի ներկայի և ապագայի համար պատասխանատու քաղաքական ուժ՝ Հայոց պետականությանը սպառնացող ներկա ընթացքը գնահատում է խիստ վտանգավոր: • Իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերին կոչ ենք անում՝ դադարեցնել հակասահմանադրական ընթացքը և զերծ մնալ հակապետական գործողություններից: • Կոչ ենք անում դատավորներին՝ հավատարիմ մնալ սահմանադրությամբ իրենց վերապահված արդարադատություն իրականացնելու առաքելությանը։ • Երկրի ապագայի համար հանձնառու քաղաքական ուժերին և հանրությանը կոչ ենք անում համախմբվել իրական ազգային օրակարգերի շուրջ։ Համարժեք քայլերով և գործողություններով հակազդելու ենք իշխանությունների բոլոր այն ծրագրերին, որոնք խաթարելու են երկրում Սահմանադրական նորմերի ամբողջականությունը և ներհասարակական կայունությունն ու զարգացումը»։