Հայաստանում հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը: Համապատասխան որոշումը կայացրեց կառավարությունն այսօրվա իր նիստում: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` 1) ռազմական ունակությունների կատարելագործման, 2) մասնագիտական վերապատրաստման, 3) մասնագիտական պատրաստման, 4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով: Վարժական հավաքներին կներգրավվի ընդհանուր թվով 786 քաղաքացի, որոնցից 524–ը` շարքային կազմի, 82-ը` ենթասպայական կազմի, 180-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, անհրաժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերում ունենանք մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով: Այս նպատակով ՀՀ զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով: Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ և հետագա տարիներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ: Որոշման նախագծի ընդունումը կապահովի պահեստազորայինների վարժական հավաքների անցկացումը և խնդիրների կատարման համար մարտունակ ստորաբաժանումների ավելացումը: