Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի բիզնես դասի ինքնաթիռը հանվել է ամերիկյան պատժամիջոցների ցանկից, գրում է Hetq-ը:
Հիշեցնենք, որ 2022 թ. նոյեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարության (դեպարտամենտի) արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչությունն (OFAC) իր «սեւ ցուցակ» էր ներառել Մալթայի «Emperor Aviation» ընկերությանը, ինչպես նաեւ դրա կողմից շահագործվող, բիզնես դասի 8 հատ օդանավ, այդ թվում՝ Կարապետյանին պատկանող «Gulfstream G650» ինքնաթիռը, որը գրանցված է Մալթայի օդանավերի ռեգիստրում որպես 9H-SSK:
«Emperor Aviation»-ը 2013 թ. հիմնադրել է վրացի Իրակլի Լիտանիշվիլին: Մալթայական ավիաընկերությունն ու դրա կողմից շահագործվող եւ տարբեր անձանց պատկանող շքեղ օդանավերը հայտնվել էին ամերիկյան իշխանությունների թիրախում ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո: Ամերիկյան կողմի գնահատմամբ՝ «Emperor Aviation»-ը կապ է ունեցել ՌԴ նախագահ Վ. Պուտինի մերձավորներից դաղստանցի միլիարդատեր Սուլեյման Քերիմովի ընտանիքի հետ:
Դեռ 2022-ի սեպտեմբերին OFAC-ը «սեւ ցուցակ» էր գցել Ս. Քերիմովին՝ ՌԴ իշխանությունների հետ ունեցած սերտ կապերի հիմքով: 2018-ին եւս ռուսաստանցի միլիարդատերը հայտնվել էր այդ ցուցակում: 2022-ի նոյեմբերին «հերթը հասել էր» Քերիմովի ընտանիքի չափահաս անդամներին. կնոջը՝ Ֆիրուզային, դուստրերին՝ Գյուլնարային ու Ամինային, ինչպես նաեւ որդուն՝ Սաիդին: Վերջինիս դեմ պատժամիջոցներ են կիրառել նաեւ ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան:
Բացի դրանից՝ 2022 թ. նոյեմբերին OFAC-ի «սեւ ցուցակում» էին հայտնվել Գյուլնարա Քերիմովայի ֆրանսիական 4 ընկերությունները, դրանց շվեյցարացի ղեկավարն ու վերջինիս շվեյցարական ընկերությունը: Ցանկը, սակայն, այսքանով չէր սահմանափակվում. Քերիմովներին առնչվող այլ անձինք ու ընկերություններ եւս հայտնվել էին ամերիկյան ցուցակում:
Դրանցից մեկը «Emperor Aviation»-ն էր՝ իր 8 օդանավերով: 2022 թ. նոյեմբերի 14-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ Մալթայում ու Ռուսաստանում գրասենյակներ ունեցող այս ընկերությունը շքեղ ճամփորդություններ է իրականացրել Սուլեյման Քերիմովի ընտանիքի անդամների, այդ թվում՝ Գյուլնարայի համար նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2022-ի փետրվարի 24-ին ներխուժել է Ուկրաինա:
Ամերիկյան կողմը չէր հայտնել, թե կոնկրետ որ ինքնաթիռներն են ծառայություններ մատուցել Քերիմովներին, սակայն նշել էր, որ «Emperor Aviation»-ը հայտնվել է «սեւ ցուցակում», քանի որ գործունեություն է ծավալել Ռուսաստանի տնտեսության ավիացիոն սեգմենտում, ինչպես նաեւ նյութապես աջակցել, հովանավորել կամ ֆինանսական, նյութական կամ տեխնոլոգիական աջակցություն է ցույց տվել կամ էլ ծառայություններ մատուցել Գյուլնարա Քերիմովային:
Ամերիկյան իշխանություններն արգելում են ԱՄՆ քաղաքացիներին եւ կազմակերպություններին որեւէ գործարք կնքել OFAC-ի «սեւ ցուցակում» ներառված ընկերությունների եւ անձանց հետ: Սակայն նույն OFAC-ը 2022-ի նոյեմբերի 14-ին թողարկել էր ընդհանուր լիցենզիա (General License (GL) 40C), որը սահմանափակ բացառություններ էր արել «սեւ ցուցակում» ներառված մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Emperor Aviation»-ի համար: Ըստ այդմ՝ մալթայական ընկերությունն իրավունք ուներ ամերիկյան կողմից ձեռք բերել որոշակի ապրանքներ, տեխնոլոգիաներ կամ ծառայություններ, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական ավիացիայում անվտանգությունն ապահովելու համար: Սակայն պայմանն այն էր, որ օդանավերը պետք է գրանցված լինեն բացառապես Ռուսաստանի սահմաններից դուրս, իսկ ապրանքներն ու տեխնոլոգիաները արտահանվեն, վերաարտահանվեն, ծառայություններն էլ մատուցվեն միայն քաղավիացիայի կարիքների համար:
Կարապետյանին պատկանող «Gulfstream G650»-ը 2022-ի օգոստոսին Երեւանից թռել էր գերմանական Հանովեր ու մնացել այնտեղ:
Մալթայական ընկերության 8 օդանավերից մեկն OFAC-ի «սեւ ցուցակից» հանվել էր այս տարվա հունվարին, իսկ մնացած 7-ի (այդ թվում՝ 9H-SSK-ի) եւ «Emperor Aviation»-ի մասին ամերիկյան կողմը հայտարարել է մայիսի 3-ին: Թե ինչ հիմքով են ընկերությունն ու ինքնաթիռները հանվել պատժամիջոցների տակից, ամերիկյան կողմը չի մանրամասնել: