«Ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է լարել իրավիճակն առաջնագծում՝ պարբերաբար խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը և դիմելով դիվերսիոն հետախուզական փորձերի, այլև սադրանքների է դիմում տեղեկատվական դաշտում: Այս մասին ասված է ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր երեկ գիշեր հայկական կողմը խախտել է հրադադարը կիրառելով 60 միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետեր ու խոշոր տրամաչափի գնդացիրներ, իրականությանը չի համապատասխանում: Դա հակառակորդ կողմի հերթական քարոզչական հնարքն է: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս: Նման ապատեղեկատվություն տարածելով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրանքների համար: