ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀԱՊԿ պայմանագրում փոփոխություններին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց 2018 թվականի նոյեմբերի 8-ին ստորագրված ՀԱՊԿ քարտուղարության կողմից մշակված «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Համաձայն պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով կառավարությունը կդիմի Սահմանադրական դատարան, որից հետո նախագիծը կներկայացվի ԱԺ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. «ՀԱՊԿ քարտուղարության կողմից մշակված «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում՝ պայմանավորված ՀՀ Սահմանադրության փոփոխություններով:
Պայմանագրի 3-րդ եւ 6-րդ հոդվածներում կկատարվեն փոփոխություններ. 3-րդ հոդվածը կշարադրվի հետեւյալ խմբագրությամբ՝ «Մասնակից պետությունները ձեւավորում են Հավաքական անվտանգության խորհուրդ՝ կազմված մասնակից պետությունների ղեկավարներից կամ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարներից, եթե, համաձայն իրենց պետությունների օրենսդրությունների, իրենք իրավասու են որոշումներ կայացնել Խորհրդի իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ»:
6-րդ հոդվածի առաջին պարբերության «մասնակից պետությունների ղեկավարների» բառերից հետո լրացում կկատարվի՝ «կամ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից, եթե, համաձայն իրենց պետության օրենսդրության, իրենք օժտված են համապատասխան լիազորություններով» բառերով: