26.04.2026
Կարծում եմ, որ ՌԴ հետ ընդհանուր լեզու կգտնենք գազի հարցով. վարչապետ
07.06.2019
Կարծում եմ, որ ՌԴ հետ ընդհանուր լեզու կգտնենք գազի հարցով. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է գազի սակագնի հարցը և շեշտել, որ կարևոր է, որպեսզի համաձայնեցված գազի գինը չարգելակի հանրապետության աճի տեմպերը:   «Դա, իսկապես, շատ կարևոր հարց է մեր հարաբերությունների համար, քանի որ մենք այդ հարցը քննարկում ենք նաև ԵԱՏՄ շրջանակներում: Ես կարծում եմ, որ կարևոր է հասկանալ այդ հարցի բոլոր նրբերանգները,  և ՌԴ նախագահի հետ հանդիպմանը ես ասացի, որ մենք շատ լավ տնտեսական դինամիկա ունենք»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում՝ պարզաբանելով, որ առաջին չորս ամիսներին Հայաստանում արձանագրվել է 7,1 % տնտեսական աճ: Ըստ ՀՀ վարչապետի, դա ցույց է տալիս, որ Հայաստանն ունի տնտեսական թռիչքի լավ հնարավորություններ և իր կառավարությունը դա անվանում է տնտեսական հեղափոխություն. «Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք համաձայնացնել գազի այնպիսի գին, որը չի կոտրի այս տեմպը: Եվ ես կարծում եմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք, քանի որ  ՌԴ-ի հետ ունեն ոչ սովորական հարաբերություններ, այլ ռազմավարական և հարկ է գազի մասով այս ռազմավարական հարցը ևս լուծել»,- հավելել է Փաշինյանը: