Ակնկալում եմ, որ ապրիլյան պատերազմի հարցով Ազգային ժողովում ձևավորված ժամանակավոր հանձնաժողովը վերջ կդնի անհեթեթ ասեկոսեներին: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Բացառում եմ դավադիր պատերազմը: Դավադիր գործողություններ հակառակորդի կողմից եղել են, բայց դավադրություն հայաստանյան կողմից՝ ես բացառում եմ»,- նշել է նա։
Տոնոյանը շատ կարևոր մեսիջ է հղում հասարակությանն ու քաղաքական էլիտային առ այն, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը չի եղել, այսպես կոչված, պայմանավորված պատերազմ: Շատ դեպքերում ՀՀ-ում որոշ շրջանակներ փորձում են հասարակության մեջ տարածել կեղծ լուրեր և ստեղծել որոշակի տրամադրություններ, թե ապրիլյան պատերազմը սկսվել է ՌԴ լուռ համաձայնությամբ ու այստեղ որոշ արևմտամետ, գրանտակեր կազմակերպություններ փորձում են գտնել ռուսական հետք կամ Կրեմլի ձեռքը:
Ապրիլյան պատերազմի շուրջ միֆերից մեկը նաև այն է, թե նախկին իշխանությունները դավադիր պատերազմ են սկսել՝ պայմանավորվել են Բաքվի հետ և իբր ապրիլյան պատերազմը փոխհամաձայնացված է եղել Ադրբեջանի հետ: Տոնոյանը փաստորեն հերքում է միանգամից երկու ֆեյք լուր՝ ապրիլյան պատերազմում ռուսական հետքի և նախկին իշխանությունների դավադրության կամ Իլհամ Ալիևի հետ նախապես պայմանավորվածության:
Տոնոյանի մեսիջը հղվում է ՀՀ-ում գործող ռուսաֆոբ, արևմտամետ, գրանտակեր կազմակերպություններին և ուժերին, որոնք փորձում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում և ամեն տեղ ռուսական հետք են փնտրում: Դա շատ վտանգավոր է և հարվածում է ՀՀ-ի ու Արցախի անվտանգությանը:
Ապրիլյան հանձնաժողովը չպետք է օգտագործվի բանակի վրա ցեխ շպրտելու և գեներալիտետին վարկաբեկելու համար՝ պատերազմող երկրի համար դա անթույլատրելի է և հարվածելու է թե՛ բանակի վարկանիշին ու իմիջին, թե՛ բանակի մարտունակությանը, քանի որ սահմանին կանգնած զինվորը չպետք է մտածի, որ ցանկացած պահի կարող է դավաճանված լինել և նրան կհարվածեն թիկունքից:
Եթե ապրիլյան հանձնաժողովը չի ստեղծվում ներքաղաքական հարցեր լուծելու և Սերժ Սարգսյանին ու նրա թիմին ապրիլյանի համար մեղադրելու համար, այլ փորձելու է վեր հանել այդ օրերին թույլ տրված որոշակի սխալներ, ապա դա միայն առողջացնելու է բանակում տիրող վիճակն ու հասարակության շրջանում հանելու է բոլոր առկա հարցերը 2016թ. ապրիլյան պատերազմի մասին:
Տոնոյանը շեշտում է, որ հայկական կողմից բացառում է դավադրությունը, իսկ ադրբեջանական կողմից դավադրություն եղել է՝ Ադրբեջանն օգտագործել է հայկական կողմի թույլ տված բազմաթիվ սխալները առաջնագծում, ինժեներական կառույցների, բանակի զինվածության և այլ պատճառներով պայմանավորված, ինչի մասին բազմաթիվ անգամ ռազմական փորձագետներ և նախկին զինվորականներ խոսել են:
Պետք է նշել, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո նախկին իշխանություններն արել են բազմաթիվ հետևություններ և զինել են թե՛ առաջնագիծը, թե՛ աշխատանքից հեռացրել են մի շարք զինվորականների, այդ թվում հետախուզության պետին, ինչպես նաև նոր զենքեր են գնվել:
Ապրիլյան պատերազմից պետք է քաղել դասեր՝ քաղաքական, ռազմական և այլն, սակայն ապրիլյան պատերազմի գլխավոր մեղավորն Ադրբեջանն է: Դա պետք է գիտակցել և շարունակել ամրապնդել ՀՀ ու Արցախի բանակներն ու ռազմական արդյունաբերություն ստեղծել, որը կլինի հնարավորինս անկախ արտաքին աշխարհից և ինքնաբավ: