Կառավարությունը 2020-ին նախատեսում է ունենալ 4.9% տնտեսական աճ
2020 թվականին նախատեսվում է ունենալ 4.9 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, ինչը թույլ կտա ունենալ կառավարելի ռիսկեր: Ընդունված է համարել, որ տնտեսական աճի ամենաբարձր հավանականությունը հենց այս ցուցանիշներին է բաժին ընկնում: Այս մասին ԱԺ-ում 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Կարող է լինել համեմատաբար ավելի ցածր ցուցանիշ, եթե արտաքին ազդակները լինեն բացասական, այնպես էլ բարձր: Այսինքն` տնտեսական աճը կարող է լինել նաև, օրինակ, 6-8 տոկոսի միջակայքում, սակայն ավելի քիչ հավանականությամբ, քան 4.9 տոկոսը»,- ասաց Ջանջուղազյանը:
Նա նշեց, որ ըստ նախագծի՝ հարկային եկամուտները հաջորդ տարի կլինեն 0.3 տոկոսով ավելի՝ կանխատեսվում է 1 տրլն 602 մլն դրամի չափ մուտք: Այս տարի սպասվող 1 տրլն 464 մլրդ դրամ հարկային եկամուտների փոխարեն ակնկալվում է, ասաց նախարարը, որ հաջորդ տարի կունենանք ավելի բարձր հարկային եկամուտներ:
«Ենթադրվում է, որ ընթացիկ ծախսերը այս տարվա սպասվող մեծության համեմատ մի փոքր կնվազեն: Սպասվում է, որ այս տարվա 21.7 տոկոս ընթացիկ ծախսեր-ՀՆԱ հարաբերակցության փոխարեն կլինի 21.5 տոկոս: Ենթադրվում է, որ 2020-ին կունենանք պակասուրդի 2.6 տոկոս ցուցանիշ»,- ասաց ֆինանսների նախարարը:
Նշենք, որ այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկեցին 2020 թվականին ամենագլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումները: