12.01.2025
ՀՀԿ-ն փորձում է տապալել վարչապետի ընտրությունը. Փաշինյանը հանրահավաք է հրավիրում
01.05.2018
ՀՀԿ-ն փորձում է տապալել վարչապետի ընտրությունը. Փաշինյանը հանրահավաք է հրավիրում

ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ժողով է արել եւ որոշել՝ տապալել վարչապետի վաղվա ընտրությունները: Այս մասին ֆեյսբուքի իր էջի միջոցով քիչ առաջ տեղեկացրեց համաժողովրդական շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն փորձում է գողանալ ժողովրդի հաղթանակը եւ կոչ արեց՝ վաղ առավոտից հարյուր հազարներով գալ Հանրապետության հրապարակ, պայքարել ձեռք բերված հաղթանակի համար: «Վերջին օրերին ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները հայտնում էին, որ մտադիր են չխանգարել ժողովրդի թեկնածուի ընտրությանը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում: Այդ հայտարարությունները հնչեցին նաեւ ԱԺ-ում՝ իմ եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ընթացքում: Մենք քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ քիչ առաջ՝ գիշերային ժողովի ընթացքում, ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ որոշել են տապալել վարչապետի վաղվա ընտրությունը: Նրանք ցանկանում են այնպես անել, որ ժողովրդի թեկնածուն քննարկումների արդյունքում վարչապետ չընտրվի: Ես կոչ եմ անում, որ դուք վաղը հարյուր հազարներով գաք եւ հավաքվեք Հանրապետության հրապարակում, որպեսզի ի ցույց դնեք ձեր կամքը եւ աջակցությունը, որպեսզի կարողանանք ձախողել Սերժ Սարգսյանի պլանը: Պլանի էությունը վարչապետի վաղվա ընտրության ձախողումն է եւ փորձել վերականգնել ՀՀԿ-ի իշխանությունը: Ես համոզված եմ, որ ժողովրդի կամարտահայտման միջոցով մենք կկարողանանք այս սցենարի առաջն առնել: Պարզապես կոչ եմ անում՝ վաղ առավոտից հավաքվել Հանրապետության հրապարակում: Մեր կարգախոսը շարունակում է մնալ նույնը՝ ժողովուրդը հաղթել է քաղաքական այս գործընթացում եւ նրանց հաղթանակը պետք է դե յուրե հաստատվի՝ ԱԺ-ի վաղվա նիստում: Մենք 11:00-ին էին որոշել հավաքվել, բայց եթե ավելի շուտ տեղի ունենա, չի խանգարի: Կարեւոր է, որ վաղը հարյուր հազարավոր քաղաքացիներ ի ցույց դնեն իրենց հաղթական կամքը»,- ասաց Փաշինյանը իր տեսաուղերձում: [fb_video url="https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2034036716916713/"] Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Արմենպրես», ՀՀԿ-ի մամուլի խոսակ Էդուարդ Շարմազանովը հյատարարել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կկայացնի մայիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո: «ՀՀԿ խմբակցության ղեկավարը քվեարկությունից առաջ կհայտարարի մեր որոշման մասին»,- հավելել է Շարմազանովը: