Շվեդական Nordic Monitor կայքը գաղտնի նյութեր է հրապարակել, որոնք վկայում են Հայաստանին հարված հասցնելու Թուրքիայի ռազմական ղեկավարության ծրագրերի մասին:
Կայքի տրամադրության տակ է հայտնվել Թուրքիայի գլխավոր շտաբում 2016 թվականի մայիսի 23-ի ներքին գրության մի օրինակ, որում նկարագրվում են Հայաստանի դեմ ռազմական գործողությունների ծրագրին վերաբերող բացակայող էջերը:
Նշված էր, որ նախատեսվում է օդային հարվածներ Oğuztürk անվան տակ: Ամբողջ գործողությունը ստացել է կոդավորված Altay անունը և հաստատվել է 2001-ին:
Գաղտնի ծրագրերին վերաբերող էջերի կորուստը հայտնաբերվել է 2016-ի մայիսի 4-ին Անկարայի «Ակինջի» ավիաբազայում փաստաթղթերի ստուգման ընթացքում: Նշվում է, որ էջերի կորուստը չի ազդել ծրագրի վրա, և այն դեռ ուժի մեջ է:
Չնայած այս տեղեկատվության իսկությունը դեռևս պարզ չէ և կարող է այդպես էլ չպարզվի՝ եղել են այդպիսի պլաններ, թե ոչ, սակայն ակնհայտ է մեկ բան՝ Թուրքիան ՀՀ-ի նկատմամբ ունեցել է և ունի ռազմական գործողությունների հստակ ռազմավարություն, այդ թվում Հայաստանի ռազմավարական օբյեկտներին հարվածներ հասցնելու առումով, քանի որ երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ, իսկ Թուրքիան փակ պահելով հայ-թուրքական սահմանը ագրեսիայի ակտ է իրականացնում սուվերեն երկրի նկատմամբ՝ ՀՀ-ի ցամաքային բլոկադայի միջոցով:
Թուրքիան, հանդիսանալով ՆԱՏՕ-ի հարավային թևի գլխավոր դաշնակիցներից մեկը, դեռևս սառը պատերազմի շրջանում Արևմուտքի կողմից ընկալվում էր, որպես ԽՍՀՄ-ի հարավային՝ Անդրկովկասյան ռազմական շրջանին հարված հասցնելու գլխավոր պլացդարմը:
Այժմ թուրքական բանակը կանգնած է հայ-թուրքական սահմանին և բնականաբար, ինչպես ցանկացած բանակ, իր տրամադրության տակ ունի թե՛ հարձակողական, թե՛ պաշտպանական ռազմավարություններ ՀՀ-ի նկատմամբ:
Հայաստանի դեմ կանգնած է Թուրքիայի 3-րդ դաշտային բանակը, որի շտաբը տեղակայված է Էրզինջանում:
Այդ բանակը, որը նաև անվանում են Կովկասյան, նախատեսված է ՀՀ-ի դեմ ռազմական գործողությունների համար: Սակայն թուրքական բանակի համար ամենագլխավոր զսպող գործոնը ռուսական բանակի ներկայությունն է թե՛ հայ-թուրքական սահմանին (Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքեր), թե՛ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը, որի զինանոցն ու պոտենցիալը շուտով ամրապնդվելու են:
Չմոռանանք, որ ՀՀ-ն հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ և ՀՀ-ի դեմ ագրեսիա նշանակում է ՀԱՊԿ-ի և նրա առանցքային պետություն՝ ՌԴ նկատմամբ ագրեսիա, իսկ դա նշանակում է, որ եթե թուրքական բանակը օդային կամ այլ տիպի հարվածներ է հասցնում Հայաստանին, ապա միջամտում է միջուկային գերտերություն ՌԴ-ն ՝ սրանից բխող բոլոր հետևանքներով, այդ թվում և ՆԱՏՕ-ի համար, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է:
Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում, այդ թվում ՝ սահմանային հատուկ գործողություններ Սիրիայում և Իրաքում: Սակայն Սիրիան և Իրաքը չունեն ռուսական անվտանգային զոնտիկ՝ նրանք ՀԱՊԿ-ի անդամ չեն, իսկ թուրքական ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու նպատակով համաձայնվեցված էր ՌԴ-ի հետ:
Թուրքիան ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիա սկսելով կարող է դնել 3-րդ համաշխարհային պատերազմի սկիզբը, քանի որ այս պարագայում բախվելու են ոչ միայն ռուսական և թուրքական բանակները, այլև ՆԱՏՕ-ն և ՌԴ-ն, ինչը չեն կարող թույլ տալ առաջին հերթին ՆԱՏՕ-ի տիտաններ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և այլն, քանի որ այս պարագայում նրանք պետք է ներքաշվեն Թուրքիայի պաշտպանության գործում՝ ելնելով ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածից՝ կոլեկտիվ անվտանգության մասին:
ՀՀ-ի դեմ հարձակումը կփոխի տարածաշրջանային գեոպոլիտիկ իրողությունները, ինչը չեն կարող թույլ տալ ՌԴ-ից բացի նաև Իրանը, Չինաստանը և այլ խաղացողներ, քանի որ Հայաստանի հնարավոր օկուպացիան թուրքական բանակի կողմից կնշանակի Մեծ Թուրանի ճանապարհի բացում: Իսկ դա արդեն վտանգում է մի շարք երկրների տարածքային ամբողջականությունն ու գեոպոլիտիկ կենսական շահեր:
Այսպիսով, թուրքական բանակն իհարկե ունի ՀՀ-ի դեմ հնարավոր հարձակողական, պաշտպանական ռազմավարություններ, սակայն դրանց իրականացմանը խոչընդոտելու է ՀՀ-ում գտնվող ռուսական բանակը, ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ռուսական անվտանգային զոնտիկը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի բացասական վերաբերմունքն այդպիսի հարձակմանը: