ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանը հաջորդ շաբաթ Ազգային ժողովի պաշտոնական փաստաթղթաշրջանառության մեջ է դնելու «ՀՀ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և «Հավաքների ազատության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը:Պատգամավորի խոսքով, այս նախագծերը նախատեսում են ՀՀ օրենքով ապահովել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը: Հակոբյանը հիշեցնում է, որ գործող օրենքով ապահովված է միայն ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի անվտանգությունը:«Նախագծերը նաև կարգելեն հավաքները կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա այդ կազմակերպությունների համաձայնությունը»,- գրել է ՀՀԿ-ական պատգամավորը իր էջում:Նշենք, որ մայիսյան իշխանափոխությունից հետո Կաթողիկոսը հայտնվել է որոշ կազմակերպությունների և ակտիվիստների թիրախում` վերջիններս պահանջում են, որպեսզի նա հեռանա: Անցած ամիսներին Սուրբ Էջմիածնում ոչ միայն բողոքի ակցիաներ են իրականացվել, այլև հարձակում Կաթողիկոսի վրա, երբ նա ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ):Ի դեպ, մամուլն այսօր ևս անդրադարձել էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Թերթերից մեկը գրել էր, թե նոր իշխանությունների ու Կաթողիկոսի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ նա կհեռանա հիվանդության հիմքով: