Երևանի տրանսպորտային խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է վարկ վերցնել, Երևանի բյուջեն այդքան գումար չունի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նրա խոսքով, կառավարության հետ եկել են համաձայնության, որ Երևանի տրանսպորտային խնդիրը լուծվելու է վարկի միջոցով, քանի որ դրա համար պահանջվող գումարը մեծ է՝ սեփական միջոցները խնդրի լուծման համար բավարար չեն: Մարությանը նաև հավաստիացրեց, թե գործադիրն այս հարցում օգնում է համայնքին: «Մենք քննարկել ենք, թե որտեղի՞ց, ի՞նչ ձևաչափով է վարկ լինելու: Տրանսպորտայի համակարգը պետք է ճիշտ աշխատի, միայն ավտոբուսներ գնելով չէ: Այս ամենը մի փոքր երկար է տևում, բայց կարծում եմ, որ այդքան էլ երկար չէ՝ հաշվի առնելով խնդրի մեծությունը: Այս պահին, սակայն, չեմ կարող ասել, թե որ կազմակերպությունից և ինչ տոկոսադրույքով է վարկ վերցվելու: Մանրամասների համար ժամանակ է անհրաժեշտ»,- հավելեց քաղաքապետը: