Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղի գյուղապետ Հակոբ Արշակյանը տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով կամավորներին առավոտյան ժամը 10:00-ին զենքով ներկայանալ Շուռնուխ ադրբեջանա-թուրքական զավթիչներից գյուղը պաշտպանելու համար: «ՊՆ-ն ամբողջ զորքն ու զինտեխնիկան հեռացրել է գյուղից, մենք մնացել ենք ինքնապաշտպանական ջոկատների հույսին: 90-ականներին Շուռնուխից է սկսվել, հիմա էլ Շուռնուխի հարցն է: Բոլորիդ կոչ եմ անում ժամը 10:00-ին զենքով լինել Շուռնուխում` մեր պոստերը պահելու համար: Եկեք միացեք մեզ, մեր հողերը պահենք, հետո ուշ կլինի»,-ասել է նա ուղերձում: VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր մինչև 17:00-ը, Կապանի բոլոր շահեկան, բարձր դիրքերը հանձնվում են թշնամուն։ Հայտնի է նաև, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի հարակից Ագարակ գյուղ տանող ճանապարհահատվածի մի մասն ընկնում է թշնամու սահմանի մեջ, հայկական կողմին առաջարկվել է այլընտրանքային ճանապարհ: Ավելի ուշ ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, թե Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ: