Բաքվի գործողություններն Արցախի դեմ ԵԽ-ի առջեւ պարտավորությունների խախտում են. ԱԳՆ
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2020թ. սկսած 44-օրյա պատերազմը ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունների խախտում է։ Այս մասին հոկտեմբերի 18-ին ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ իր հայտարարության մեջ նշել է ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը՝ ելույթ ունենալով ԵԽ անդամ երկրների դեսպանների առջև։
Փոխնախարարը, մասնավորապես, նշել է. «Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը, 2001 թվականի հունվարին անդամակցելով Եվրոպայի Խորհրդին, պարտավորվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։ Հետևաբար, Ադրբեջանի կողմից 2020թ. սկսված 44-օրյա պատերազմն Արցախի դեմ այդ պարտավորության խախտում է, որը պետք է արժանանա ԵԽ պատշաճ արձագանքին։
Դուք քաջատեղյակ եք Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։ Արցախի բնակչության դեմ սկսած ագրեսիայի մարդասիրական հետևանքները դեռևս մնում են ամենաարդիական խնդիրներից մեկը։ Այս հարցում կարևոր է մեր միջազգային գործընկերների, այդ թվում ՝ Եվրոպայի խորհրդի ներգրավվածությունը։ Մենք կարծում ենք, որ Եվրոպայում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության տեսանկյունից չպետք է «գորշ գոտիներ» լինեն։
Գլխավոր քարտուղարը, Մարդու իրավունքների հանձնակատարը, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, մարդու իրավունքների Եվրոպական դատարանը եւ համապատասխան վերահսկող մարմիններն արդեն արձագանքել են այդ խնդրին իրենց լիազորությունների շրջանակում: Սակայն նախարարների կոմիտեն դեռեւս չի դրսեւորել իր դիրքորոշումը, ուստի ես հույս ունեմ, որ այստեղ կոմիտեի անդամների ներկայությունը դրական ազդեցություն կունենա այդ հարցում առաջընթացի հասնելու վրա»: