Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ վրացական կողմի հետ բանակցություններ են վարվել Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ադրբեջանական վառելիքի տեղափոխման վերաբերյալ։ Գերատեսչությունից «Արմենպրես»-ին պարզաբանել են, որ քննարկումներն իրոք տեղի են ունեցել, և հայկական կողմը ծանոթ է Թբիլիսիի հրապարակած որոշմանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 5-ին գործընկեր երկրներից հայտ է ստացել՝ Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցում կազմակերպելու խնդրանքով։ Այդ դիմումին ընդառաջ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանձնարարել էր «Վրացական երկաթուղուն» բեռնափոխադրումն իրականացնել անվճար հիմունքներով։