Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ամեն վարչական շրջան առանձնանում է իր հատուկ մշակույթով, նիստուկացով և հետևաբար նաև խնդիրներով: Այս անգամ Արաբկիրում էինք: Ներկայացնենք մի քանի դիտարկում տեղանքից: Բակերն ու խաղահրապարակները ունեն հնուց եկած նույն խնդիրները, որոնք առկա են մյուս վարչական շրջաններում ևս: Ուստի՝ ամեն բակի առանձին ուսումնասիրություն է պետք իրականացնել և վերականգնել արաբկիրցիների բակային հանգստի հնարավորությունը: Արամ Խաչատրյան և Մամիկոնյանց փողոցները միմյանց միացնող նորաստեղծ ճանապարհը էականորեն կթեթևացնի երթևեկությունը: Արաբկիրցի երեխաների համար հիմնովին կամ մասամբ վերանորոգվում է 3 մանկապարտեզ: Այնտեղ կլուծվեն 10 տարվա վաղեմության խնդիրներ: Օրինակ՝ փոխվում են մանկապարտեզի պատերը խանավեցնող հին ջրատար խողովակները և, վերջապես, տեղադրվում են երեխաներին հարմարեցված սանհանգույց և այլն: Ո՞վ է վերջին անգամ եղել Մերգելյանի այգում: Ծրագրերով նախատեսվում է այն դարձնել այնպիսի այգի, որտեղ բոլորս ավելի մեծ հաճույքով կզբոսնենք և ժամանակ կանցկացնենք»: