Զինծառայողի զոհվելու դեպքում հատուցում ստացող անձանց շրջանակը կընդլայնվի. ԱԺ-ի որոշում
Ազգային ժողովը հունվարի 9-ին միաձայն ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկում է զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում, փոխհատուցում ստացող անձանց շրջանակն ընդլայնել:
Համաձայն նախագծի, որին «կողմ» քվեարկեց 92 պատգամավոր, «դեմ»՝ 0, «ձեռնպահ»՝ 0, եթե բացակայում են զինծառայողի ծնողը, ամուսինը և զավակները, հատուցման շահառու հանդիսանան քույրը, եղբայրը, տատը կամ պապը:
Բացի այդ, նախագծով առաջարկվում է ավելացնել նոր դրույթ, ըստ որի, «եթե զինծառայողը գտնվել է փաստական ամուսնության մեջ, սակայն չի ունեցել ամուսնության պետական գրանցում, ապա այն անձը, ում հետ զինծառայողը գտնվել է փաստական ամուսնական հարաբերության մեջ, համատեղ ամուսնական կենցաղ վարելու փաստը հավաստելու մասին տեղեկություններ է ներկայացնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ և, վերջինիս կողմից հաստատվելու պարագայում, համարվում է սույն հոդվածի 3-րդ մասի շահառու:
Սույն կետի իմաստով տեղեկություններ կարող են հանդիսանալ համատեղ կյանքի լուսանկարները, կենսաբանական երեխաների առկայությունը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից տրված պսակադրության վկայականը, հարազատների, բարեկամների և հարևանների գրավոր հավաստումները և այլ ապացույցներ: