26.11.2024
Լեհաստանի դեսպանը հանձնել է հավատարմագրերի պատճենը փոխարտգործնախարարին
prev Նախորդ նորություն

Կերկարաձգվի առանց ծնողական խնամքի մնացած անձանց անվճար կրթություն ստանալու իրավունքը

Ներկայումս բարձրագույն ուսումնական հաստատությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կամ նրանց թվին պատկանող անձինք կարող են անվճար հիմունքներով սովորել մինչեւ 23 տարեկանը լրանալը: Սակայն հաշվի առնելով անձանց բանակ զորակոչվելու եւ վերադարձից հետո կրկին ուսումնառությունը շարունակելու հանգամանքը` երբեմն ստացվում է, որ ակամա տարիքային այդ սահմանաչափը (23 տարեկան) արդեն իսկ գերազանցում է եւ քաղաքացին զրկվում է սոցիալական երաշխիքներից: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը հունիսի 26-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում ««Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում:


Փոխնախարարի տեղեկացմամբ` հարցը բարձրաձայնվել է քաղաքացիների կողմից եւ որպես լուծման ենթակա խնդիր` ներկայացվել է թե’ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, թե’ Ազգային ժողովին: Այն քննարկվել է նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ:


«Առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում կընդլայնվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող զինվորական ծառայությունից վերադարձած, ինչպես նաեւ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը` 23 տարեկանից հետո մինչեւ ուսումնառության ավարտը: Կապահովվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների անվճար կրթություն ստանալու իրավունքի իրացումը նաեւ նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում», - նշել է նախարարի տեղակալն ու հավելել, որ վերը նշվածից բացի նախագծում կիրականացվեն նաեւ որոշ տեխնիկական շտկումներ:


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ողջունել է նախագիծն ու ասել, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կյանքը բարելավելու ու աղքատությունից դուրս գալու հնարավորություն է տրվում:


Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հայտնել է, որ մեր երկրում երկնիշ տնտեսական աճը շարունակվում է: «Քիչ առաջ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է մայիս եւ հունվար-մայիս ամիսների վիճակագրությունները, ըստ որոնց` մայիս ամսվա ընթացքում մեր երկիրն ունի 13,7 տոկոս տնտեսական ակտիվության աճ. գնաճը հաշվետու տարում նվազել է 1,3 տոկոսով: Նշված տոկոսով մեր երկիրն աշխարհում ամենացածր գնաճ ունեցող երկրներից մեկն է համարվում: Հունվար-մայիս ժամանակահատվածի համար ՀՀ-ն ունի 13,5 տոկոս տնտեսական ակտիվության աճ, որը հավասար է նախորդ ողջ տարվա տնտեսական ակտիվության աճին», - նշել է Գեւորգ Պապոյանը:


Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ: