Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ Հունաստանի Հանրապետության համապետական ընտրություններում վճռական հաղթանակի առիթով: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Հունաստանի Հանրապետության համապետական ընտրություններում վճռական հաղթանակի կապակցությամբ: Ձեր գլխավորած քաղաքական ուժի հաղթանակը երկարամյա նվիրված գործունեության արդյունքների լավագույն գնահատականն է: Համոզված եմ, որ Ձեր առաջիկա պաշտոնավարումը կրկին աչքի կընկնի Ձեզ բնորոշ եռանդով և նախանշված նպատակ¬ներն իրագործելու հաստատակամությամբ: Հարգելի պարոն Միցոտակիս, Վստահ եմ՝ հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդույթների, ինչպես նաև ընդհանուր արժեքների ու մոտեցումների վրա խարսխված երկկողմ գերազանց համագործակցությունն առաջիկայում նոր զարկ կստանա: Օգտվելով առիթից՝ թույլ տվեք կրկին շնորհակալություն հայտնել Ձեզ, Հունաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությանը, ինչպես նաև եղբայրական հույն ժողովրդին մեր երկրի համար դժվարին պահերին վերստին հայ ժողովրդի կողքին լինելու և անվերապահ զորակցության համար: Միջազգային հարաբերություններում առկա խնդիրների շուրջ մեր համահունչ մոտեցումները մեզ ուղղորդում են առավել սերտորեն և համակողմանիորեն զարգացնել փոխգործակցությունը երկու երկրների միջև: Հայաստանը հանձնառու է ընդլայնել և խորացնել գործընկերությունը Հունաստանի Հանրապետության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Այս առումով վերստին հաստատում ենք Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ գագաթնաժողովն առաջիկայում Երևանում հյուրընկալելու մեր պատրաստակամությունը: Մեծարգո պարոն վարչապետ, օգտագործելով այս առիթը, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն»: