14.09.2025
Լիտվան ԵՄ մեր կարևոր գործընկերներից է. ՀՀ նախագահ
19.04.2023
Լիտվան ԵՄ մեր կարևոր գործընկերներից է. ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան Լիտվայի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Իր խոսքում նախագահ Նաուսեդան ընդգծել է Լիտվայի և Հայաստանի միջև բազմաշերտ համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված իր պատրաստակամությունը։ Լիտվայի նախագահը կարևորել է նաև երկու երկրների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հարթակում արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքներից է նաև հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Մեծարգո՛ պարոն նախագահ, թանկագին Գիտանաս, Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում նախագահ Նաուսեդային՝ ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար: Ինձ համար մեծ պատիվ է այսօր պաշտոնական այցով գտնվել Լիտվայի Հանրապետությունում: Երախտագիտություն եմ հայտնում ինձ և իմ պատվիրակության անդամներին ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս բարեկամ Լիտվայի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները: Բարձր եմ գնահատում այս հնարավորությունը՝ հանդիպելու Լիտվայի նախագահի, վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ՝ մեր երկկողմ օրակարգը քննարկելու, ինչպես նաև ԵՄ հետ Հայաստանի համագործակցության, տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին տեսակետներ փոխանակելու համար: Վերջին տարիների բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվությունը վկայում է փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու երկկողմ հանձնառության մասին: Հայաստանը պատրաստակամ է ձեռնարկելու գործնական քայլեր՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-լիտվական երկկողմ համագործակցության առավել ամրապնդման և խթանման համար, և կարծում եմ՝ այդ առումով առկա է բավարար ներուժ: Այսօր նախագահ Նաուսեդայի հետ ունեցանք անկեղծ մթնոլորտում ընթացած հագեցած քննարկումներ, որոնք ներառում են երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտները՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, վերականգնվող էներգիա, առողջապահություն, բնապահպանություն, կապ և հաղորդակցություն, տրանսպորտ, հումանիտար հարցեր և այլն: Պայմանավորվեցինք նույն ոգով շարունակել մեր երկխոսությունը՝ բազմակողմ համագործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ: Անդրադարձ կատարեցինք ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերին: Լիտվան ԵՄ մեր կարևոր գործընկերներից է, և մենք բարձր ենք գնահատում Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում մեր երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը: Անշուշտ, նախագահի հետ հանդիպման ընթացքում երկկողմ օրակարգից զատ անդրադարձանք նաև անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի: Քննարկեցինք տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը: Այս համատեքստում ընդգծեցի Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը: Լիտվայի նախագահի հետ միակարծիք էինք, որ բոլոր հակամարտությունների համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան: Վստահ եմ, որ քննարկված հարցերն իրենց արդյունքները կունենան՝ նոր որակ և բովանդակություն հաղորդելով հայ-լիտվական հարաբերություններին: Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար և հաջողություն մաղթել մեզ երկկողմ ու բազմակողմ բոլոր նախաձեռնությունների կյանքի կոչման գործում»: