Դատարանն անփոփոխ թողեց արդեն 2 տարի անազատության մեջ գտնվող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը. «Այն, ինչ տեղի է ունենում տեղական ինքնակառավարման մարմիններում ու դա միայն Վանաձորին չի վերաբերվում, ցույց է տալիս, որ իշխանությունը ընտրական գործընթացը նշանակման է վերածում: Իշխանությանը մնացել է օրենքով ամրագրի, որ համայնքի ղեկավար ընտրվելու իրավունք ունեն բացառապես քպ ներկայացուցիչները, իսկ այլ քաղաքական ուժերի մասնակցության համար քրեական պատասխանատվություն սահմանի: Վանաձորում ընտրությունը պարտվելուց և իր նպատակին չհասնելուց հետո իշխանությունը վրեժխնդրության է գնում` Մամիկոնին կալանքի տակ պահելով, իսկ վանաձորցիներին` քաղաքային արդյունավետ կառավարումից զրկելով»: VERELQ-ը հիշեցնում է, որ դատարանն այսօր մերժեց Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: