Եվրամիության Տարածաշրջանային վստահության հիմնադրամը հունիսի 20-ին սիրիացի ներգաղթյալներին աջակցելու նոր ծրագիր է հաստատել` ընդհանուր 275 մլն եվրո ծավալով: Ինչպես տեղեկացնում է The Armenian Weekly-ն, նախատեսված գումարի մեծ մասը կհատկացվի Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Արևմտյան Բալկաններում և Հայաստանում գհտնվող սիրիացիների օգնությանը: Ըստ ծրագրի 3 մլն եվրո է հատկացվելու Հայաստանում ապաստան գտած սիրիացիների աջակցությանը: Միջոցները կուղղվեն առողջապահական և հոգեբանասոցիալական ծառայությունները ներգաղթյալների համար հասանելի դարձնելուն, բնակարանային պայմանները բարելավելուն, տնտեսական հնարավորություններ ստեղծելուն, ինչպես նաև դպրոցականների և ուսանողների ինտեգրմանը ուսուցման գործընթացին: Ընդհանուր առմամբ, նախագծերը կկենտրոնանան առողջապահության, կրթության, տեղական համայքի աջակցության վրա: «Մենք փրկարար օղակ ենք նետում երկրում և տարածաշրջանում գտնվող միլիոնավոր սիրիացիներին` օգնելով նրանց ապագա ստեղծել սիրիացի փախստականների և ընդունող համայնքների համար», - ասել է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Հիշեցնենք, որ Հայաստանը սիրիական պատերազմի սկզբից ընդունել է 22 հազար սիրիացի փախաստականների: Նրանց ճնշող մեծամասնությունը սիրիահայեր են: