26.12.2024
Բրյուսելի գագաթնաժողովից առաջ ԼՂ հիմնախնդրի շուրջ տարաձայնությունները պահպանվում են
17.11.2017
Բրյուսելի գագաթնաժողովից առաջ ԼՂ հիմնախնդրի շուրջ տարաձայնությունները պահպանվում են

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը մշտապես նույնն է եղել` ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ներկայացնելով Եվրամիության Արևելյան գործընկերության առաջիկա բրյուսելյան գագաթնաժողովի հռչակագրի հետ կապված իրավիճակը: Նալբանդյանի խոսքով, ԵՄ դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ կոնյունկտուրային չէ: «Դա մտածված, բավական գիտակցված և այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցնեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ նպաստելով եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին՝ նպաստեն նաև հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Երբևէ այս դիրքորոշումը Եվրամիության չի փոխվել», - Երևանում բրազիլացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է նա: Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդման, հայտնվել է փակուղում՝ ղարաբաղյան խնդրի պատճառով: Բանն այն է, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ, իսկ փաստաթղթի մնացյալ տեքստը համաձայնեցված է: Նալբանդյանի խոսքով, տարբերությունը բազմիցս ակնհայտ է եղել, և նաև նախորդ գագաթնաժողովների ժամանակ, նաև՝ Արևելյան գործընկերության: «Ինչ վերաբերում է այդ հռչակագրին, ապա բանակցությունները շարունակվում են, և մինչև որ բանակցությունները չեն վերջացել, ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը այդ հայտարարության, հռչակագրի վերաբերյալ դեռ վաղաժամ է: Մի քանի օր դեռ կա, տեսնենք», - նշեց Հայաստանի արտգործնախարարը: Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Եվրոպական Խորհրդարանում տապալվել է ադրբեջանական խեղաթյուրումների մասշտաբային փորձը, որը նպատակ ուներ հերթական անգամ խաթարել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը, ինչպես նաև Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ ստվերել Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացումը: Միեւնույն ժամանակ այս համատեքստում անդրադառնալով ԼՂ հակամարտությա կարգավորման գործընթացին՝ ԱԳ նախարարը նշել է, որ պետք է խոսել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ տարբեր մոտեցումների, այլ Ադրբեջան-Եվրամիություն, Ադրբեջանի և միջազգային հանրության միջև մոտեցումների տարբերության մասին: Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան այցելության ընթացքում նոր առաջարկներ է անելու հակամարտության կարգավորման վերաբերյալ, Նալբանդյանը նշեց, որ իր ռուս գործընկերը գալիս է պաշտոնական այցով՝ նոյեմբերի 20-21-ին, և այցը նվիրված է ՀՀ-ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: «Նա նաև հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ռուսաստանը բավականին կարևոր դերակատարություն ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում», - ասել է նա: Ինչ վերաբերում է Լավրովի առաջարկների հետ կապված հարցին, ապա Նալբանդյանի խոսքով «հեծանիվ հնարելն այս կարգավորման գործընթացում դժվար է»: «Այս բոլոր տարիների ընթացքում բազում աշխատանքային փաստաթղթեր ենք քննարկել, բայց իրականության մեջ հենքը նույնն է մնում, և եթե Ադրբեջանը մի փոքր ավելի աչալուրջ լինի այն կոչերին ու մոտեցումներին, որ եռանախագահողները ներկայացնում են, ապա առավել հնարավորություններ կբացվեն այս գործընթացն առաջ տանելու ու արդյունքներ ունենալու համար», - եզրափակել է նա: