Ռուսաստանը մշտապես նպատակաուղղված է շարունակել հայաստանցի իր գործընկերների հետ աշխատանքները դաշնակցային և ինտեգրացիոն համագործակցության զարգացման և ամրապնդման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով, Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակը պետք է հանգուցալուծվի սահմանադրական ճանապարհով, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի միջև կառուցողական երկխոսությամբ: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին նա նշել է, որ բանակցային գործընթացը ակտիվացնել անհրաժեշտ է Հայաստանում իրավիճակի կայունացումից հետո: Նրա խոսքով, Հայաստանն այսօր ապրում է բարդ քաղաքական ժամանակաշրջան և հարկավոր է սպասել, երբ իրավիճակը քաղաքական դաշտում կայունանա վերջնականապես և երբ քաղաքական ուժերը, շարժումները կկողմնորոշվեն ղեկավար մարմինների հարցում: «Ռուսաստանը հետագայում ևս կշարունակի աջակցություն ցուցաբերել Ղարաբաղյան հակամարտության կողմերին»,- հավաստիացրել է նա: