Հայաստանը ներկայում բանակցում է Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի և Իրանի հետ Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ։ Այս մասի տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանը։ Ինչպես գրում է ն «Արմենպրես»-ը, նրա խոսքով՝ տարածաշրջանում առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն այս ծրագրի անկյունաքարերից է։ Այն միտված է բեռների միջազգային փոխադրման և տարանցման դյուրացմանը, դրանց կառավարող ընթացակարգերի պարզեցմանը, մոտարկմանը և ստանդարտացմանը, տրանսպորտային ծախսերի նվազեցմանը, ճանապարհային անվտանգության պայմանների բարելավմանը և այլ երկրներից բեռների տարանցման ներգրավմանը։ «Ծրագիրը կնպաստի ՀՀ փոխադրողների համար ցամաքային և ծովային փոխադրումներն օգտագործելու միջոցով դեպի միջազգային շուկաներ պարզեցված ընթացակարգով մուտք գործելուն։ Ծրագիրը հնարավորություն կտա նաև արագացնել և դյուրացնել արագ փչացող բեռների տարանցումը համապատասխան համաձայնագրի պայմանավորող կողմ հանդիսացող պետությունների սահմանները հատելիս»,-հավելեց Սամվել Ամիրխանյանը։ Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ծրագրով նախատեսվում են բացառապես օրենսդրությամբ սահմանված տուրքեր և վճարներ։ Նշենք, որ խոսքը Հայաստանի տարածքով, այդ թվում երկաթուղային ենթակառուցվածքի օգտագործմամբ, Իրանից եվրոպական երկրներ և հակառակ ուղղությամբ նաեւ մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացման նախագծի մասին է: Փոխադրումների՝ այս միջանցքի գործարկման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են արդեն մի քանի տարի, քանի որ կառավարության հայտարարված գերակայություններից է Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծավալի մեծացումը: Գերմանական և վրացական երկաթուղիների աջակցությամբ արդեն իսկ կայացել է առաջին թեստային փոխադրումը Դույսբուրգ-Թեհրան երթուղով: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթի ժամանակ նշեց, որ Հայաստանը Սև ծովի և Պարսից ծոցի միջև տարանցիկ միջանցք ձևավորելու հարցով բանակցություններ է վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ: Այս ծրագրի մասին Հայաստանում հայտարարեց նաև Բուլղարիայի նախագահը: