Երեւանի ավագանին ձայների ճնշող մեծամասնությամբ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը վերանվանվեց «Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոց»-ի։ Նախագիծը ներկայացրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը։ Հիշեցնենք, որ փետվարի 26-ին Բաքվում կայացել է հակահայ երթ, որին ի թիվս այլ ռուս պատգամավորների մասնակցել է նաև Իրինա Ռոդնինան։ Իրինա Ռոդնինան հանդիսանում է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները հայտարարել էին, որ ինքն ու իր գործընկերները չեն կարող աննկատ թողնել այս հանգամանքը: Ռուսաստանի Դաշնության խորհրդի լիագումար նիստում էլ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ևս տարակուսանք էր հայտնել առ այն, որ ռուսաստանցի որոշ գործընկերներ, նրանցից ոմանք անգամ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, Բաքվում մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի։ «Ռուսաստանցի մեր որոշ գործընկերներ Բաքվում մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի: Ավելին, արդարացի տարակուսանք է հարուցում, որ նրանցից ոմանք անգամ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ են»,- մասնավորապես հայտարարել է Արարատ Միրզոյանը։