12.01.2025
Կոչ եմ անում բացառել ատելության դրսեւորումները. Նիկոլ Փաշինյան
03.05.2018
Կոչ եմ անում բացառել ատելության դրսեւորումները. Նիկոլ Փաշինյան

Ընդդիմադիր շարժման առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր իր կողմնակիցներին ուղղված տեսաուղերձում կոչ է արել բացառել ատելության դրսեւորումները: «Մեր հեղափոխությունը հենց ձեր կողմից անվանվել է սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն, ու ես հույս ունեմ, որ մենք, անկախ քաղաքական իրավիճակի լարվածությունից, այդ սկզբունքը կպահենք: Մեր նպատակը ազգային միասնության եւ համերաշխության հաստատումն է, պետք է բացառենք ատելության քարոզչությունը», - ասել է նա: «Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է, եւ բոլորին կոչ եմ անում չանել որեւէ գործողություն, որը կարող է այս պնդումը կասկածի տակ դնել: Ոչ միայն ֆիզիկական, այլեւ բարոյական եւ հոգեբանական բռնությունը տեղ չունի մեր գործիքակազմում», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Մայիսի 2-ի երեկոյան հայտնի դարձավ, որ իշխող Հանրապետական կուսակցությունը կսատարի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի ընտրություններում։ Այդ մասին է հայտարարել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ ՀՀԿ-ն մինչ որոշում կայացնելը հանդիպում էր անցկացրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Մայիսի 1-ին կուսակցությունը տապալել էր վարչապետի ընտրությունները՝ դեմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, որից հետո հանրապետությունում վերսկսվել էին քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները։