1.11.2024
ՀՀ-ն ու ՌԴ-ն մշակում են միավորված ՀՕՊ համակարգի մասին համաձայնագրի դրույթները
19.06.2018
ՀՀ-ն ու ՌԴ-ն մշակում են միավորված ՀՕՊ համակարգի մասին համաձայնագրի դրույթները

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հունիսի 19-ից 21-ը Մոսկվայում կմասնակցեն «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման ու կանոնակարգերի մշակման աշխատանքային քննարկումներին: Այս մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից: Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման նպատակով ստեղծվող համակարգը ոչ թե միասնական է, այլ համատեղ: Սա նշանակում է, որ Հայաստանի ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը: Ղազախստանն ու Բելառուսը, օրինակ, ՌԴ հետ ստեղծել են ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգեր: Այս պահին միայն Հայաստանի Հանրապետությունն է, որ կնքել է միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր, ինչն ապահովագրում է ՀՀ ՀՕՊ զորքերը այլ պետության ՀՕՊ զորքերի ենթակայությանը տրամադրելուց: Դիտարկվող Համաձայնագրով հայկական կողմը իր ՀՕՊ համակարգն ամբողջությամբ չի տրամադրում միավորված տարածաշրջանային համակարգին: Հայկական կողմն է որոշում, թե իր ՀՕՊ համակարգի որ մասն է տրամադրվելու կամ հետ վերցվելու: Նշված հարցում եւս ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը: Համաձայնագրի հավելվածի համաձայն` խաղաղ ժամանակ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերը (ուժերը)՝ պահպանում են իրենց ազգային հրամանատարություններին անմիջական ենթակայությունը: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս օգտագործել ՌԴ ԶՈՒ օդատիեզերական զորքերի հնարավորությունները` ընդհուպ մինչեւ միջուկային զենքի կիրառում: ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերն ունեն արբանյակային համակարգ, ինչպես նաեւ հսկման համակարգեր, որոնք ՀՀ տարածքում կարող է օգտագործվել ի շահ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի: