Մեր երկու երկրների նպատակն է, որպեսզի աշխատանքներն առաջ տանենք ըստ մեր շահերի եւ թույլ չտանք, որպեսզի որեւէ երրորդ երկիր միջամտի այդ աշխատանքներին եւ համագործակցությանը: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: ՀՀ վարչապետի այցն Իրան ունի կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն: Տնտեսական բաղադրիչն հայ-իրանական հարաբերություններում պետք է հագեցնել նոր ծրագրերով և կյանքի կոչել հին ծրագրերը՝ Հյուսիս-Հարավ մայրուղին, Իրան-Հայաստան երկաթգիծն ու ՀՀ-Իրան էներգետիկ միջանցքի ստեղծումը, որը կարող է դառնալ եռակողմ՝ ՌԴ-ՀՀ-Իրան ֆորմատով: Ռոհանիի հայտարարությունը հստակ ազդակ է ԱՄՆ-ին՝ երրորդ երկրին, որը ցանկանում է միջամտել ՀՀ-Իրան հարաբերություններին ու փորձում խաթարել այդ կապերը: Իրանի համար կարևոր է, որ բարեկամ Հայաստանը շարունակի մնալ սուվերեն պետություն ու չդառնա Հարավային Կովկասում հակաիրանական պլացդարմ կամ բուֆերային պետություն՝ ի շահ ամերիկյան գեոպոլիտիկ ծրագրերի: Իրան-ՀՀ հարաբերությունները պետք է բխեն երկկողմ տնտեսական և քաղաքական շահերից ու ոչ մի երրորդ երկիր չպետք է միջամտի Երևանի համար այդքան կենսական նշանակություն ունեցող երկրի՝ Իրանի հետ բարեկամական կապերի զարգացման ծրագրերին: ՀՀ-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին բարձր է գնահատել հայ-իրանական հարաբերություններն ու շեշտել, որ ՀՀ-Իրան հարաբերություններում եղանակը շատ լավ է: Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ի նոր իշխանություններն առաջին դեմքի մակարդակով հայտարարում են, որ Իրանը բարեկամ երկիր է և Երևանը ցանկանում է կյանքի կոչել Իրանի հետ էներգետիկ-տրանսպորտային բոլոր նախագծերն ու անգամ ավելացնել իրանական գազի ներկրումն ու դառնալ տարանցիկ երկիր՝ Իրանի գազը դեպի Վրաստան արտահանելու համար: Թեհրանի մեսիջին առ այն, որ որևէ երրորդ երկիր չպետք է խանգարի Իրան-ՀՀ հարաբերությունների զարգացմանը, պաշտոնական Երևանը հստակ արձագանքում է, որ Իրանը շարունակելու է մնալ բարեկամ երկիր, իսկ տնտեսական ծրագրերին ոչինչ չի սպառնում: Շատ կարևոր է, որ Իրան-ՀՀ քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները հարստանան նաև տնտեսական լուրջ ծրագրով, քանի որ Իրանը լուրջ էներգետիկ-տրանսպորտային նախագծեր է իրականացնում Ադրբեջանի հետ՝ Երևանն ուղղակի իրավունք չունի զիջել Բաքվին իրանական դիվանագիտական ուղղության վրա: