ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում Կուբայի դեմ սահմանափակումների չեղարկումը: Սակայն գոյություն ունի նախապայման՝ Կուբան պետք է «ճիշտ քայլեր» անի ու հրաժարվի Վենեսուելայի հետ համագործակցությունից, այլապես տեղի կունենա հակառակը՝ Հավանային պատժամիջոցների խստացում է սպասվում: «Մենք շատ դաժան էմբարգո կմտցնենք և պատժամիջոցներ Կուբայի դեմ՝ կախված նրանից, թե ինչ տեղի կունենա։ Ճիշտ քայլեր անելով՝ Կուբան մեծ օգուտ կքաղի, մենք կկարողանայինք հանել սահմանափակումները, էմբարգոն»,- ասել է Թրամփը «Fox Business» հեռուստաալիքի եթերում։ Նա հերթական անգամ քննադատել է Վենեսուելայի իշխանություններին, որոնք հրաժարվել են ընդունել ԱՄՆ մարդասիրական օգնությունը ու շեշտել, որ շատ ուշադիր հետևում է Բոլիվարի Հանրապետությունում առկա իրավիճակին։