ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով 2,7 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Տարածքային կառավարմեն եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով, Հայաստանի եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ նախատեսվում է ստորագրել 2,7 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագիր՝ հիշյալ ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաեւ հիմնականում արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար։ Նրա խոսքով, սրանով նախատեսվում է KFW բանկի հետ ստորագրված համաձայնագրի համաձայն ստանալ 18,5 մլն եվրո գումար Կաբսի ջրամբարի կառուցման, վերականգնողական որոշակի աշխատանքների համար: «Խոսքը Կումայրի ջրատարի խողովակաշարի վերականգնման մասին է, որի արդյունքում կունենանք 25 մլն խմ ծավալով ջրատար, նաեւ ոռոգման ենթակա կդառնա եւս 740 հա նոր հողատարածքներ»,- ասաց նախարարը: