Հայաստանի հարավում գործող գործարանների հոսքաջրերը լցվում են Արաքս գետը՝ աղտոտելով Իրանի համար գյուղատնտեսական ու զբոսաշրջային մեծ նշանակություն ունեցող գետի ջրերը․ այսպիսի բովանդակությամբ հոդված է հրապարակվել իրանական անգլալեզու The Tehran Times թերթում։
Իրանցի փորձագետներն ու պաշտոնյաները պնդում են, որ գետում ծանր մետաղների պարունակությունը հասել է առողջության համար վտանգավոր չափերի:
Հոդվածում հստակ չի նշվում, թե կոնկրետ ո՛ր գործարանների հոսքաջրերի մասին է խոսքը, և արդյոք դրանք կապ ունեն վերջերս Կապանում Ողջի գետի աղտոտման հետ, որը տեղի էր ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի հետևանքով: Հոսքաջրերը լցվել էին Ողջի գետ։ Խնդիրը քննարկվեց նաև հոկտեմբերի 17-ին Հայաստանի կառավարության նիստում:
«Այժմ իրանական իշխանությունները խուսափում են պաշտոնական բողոք ներկայացնել խնդրի մասին՝ ցանկանալով պահպանել երկկողմ բարիդրացիական հարաբերությունները: Սակայն այս խնդիրը պետք է լուծվի կամ երկկողմ համաձայնագրով, կամ միջազգային միջամտությամբ»,- ասվում է հոդվածում։
Հոդվածի հեղինակը, հղում անելով իրանցի բնապահպանների ու գյուղոլորտի փորձագետների կարծիքներին, նշում է, որ Իրանի համար լուրջ գյուղատնտեսական ու զբոսաշրջային նշանակություն նունեցող Արաքս գետում «անկասկած կան առողջության համար վտանգավոր ծանր մետաղներ»:
Արաքս գետի ջուրը, համաձայն հրապարակաման, պարբերաբար ուսումանսիրվում է Իրանի տարբեր գիտահետազոտական կազմակերություններում, որոնցից են Թավրիզի համալսարանը, Բժշկական գիտությունների համալսարանը և Իրանի գյուղատնտեսության նախարարության հետազոտական կենտրոնը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ գետի ջրի բաղադրությունում ալյումինի, երկաթի, պղնձի և մկնդեղի պարունակությունը շուրջ տասն անգամ գերազանցում է անվտանգության ընդունելի նորմը։ «Գետն աղտոտող մետաղներից են պղինձն ու մոլիբդենը, որոնք լցվում են գետը Հայաստանի տարածքից: Ու քանի որ ծանր մետաղները կուտակվում են հողում, հետևաբար դրանք հայտնվում են բույսերում ու վերջում՝ մարդու օրգանիզմում»,- նշում է հոդվածագիրը:
Նա հղում է անում մի շարք փորձագետների, որոնք հաստատում են գետի աղտոտվածության փաստը՝ իրանական իշխանություններին կոչ անելով խնդիրը բարձրաձայնել հայաստանյան իշխանությունների հետ քննարկումներում:
Նույն հրապարական մեջ նաև ասվում է, որ հայկական կողմը խոստացել է վերացնել ծանր մետաղների արտահոսքն Արաքս գետ առաջիկա երեք տարիների ընթացքում: Այս մասին հայտարարել է Արևելյան Ադրբեջանի (Իրանի մարզն է) տարածաշրջանային ջրային ընկերության տնօրեն Յուսեֆ Ղաֆարզադեն:
Նա ասել է, որ Արաքս գետի աղտոտման խնդիրը քննարկվել է բոլորովին վերջերս՝ նոյեմբերի 19-21-ին Թավրիզում հայ-իրանական աշխատանքային խմբի նիստի ժամանակ․ «Քննարկվել են սահմանային գետի ջրի մոտնիտորինգի ու աղտոտման կանխարգելման հարցերը»:
Յուսեֆ Ղաֆարզադեն հայտարարել է, որ աղտոտող նյութերի ազդեցությունը և խտությունը հստակ գնահատված է, և Հայաստանը պարտավորություն է վերցրել վերանորոգել իր տարածքում եղած օբյեկտները աղտոտումն ամբողջովին բացառելու համար։ «Ջրի ու արտահոսքերի մոնտորրինգը համատեղ իրականացվել է վերջին տասնամյակում և շարունակվելու է ամենամսյա ռեժիմով իրականացվել նաև ապագայում»,- ասել է նա: