5.11.2024
Իրաքը դուրս է հրավիրել օտարերկրյա զինված ուժերը երկրի տարածքից. Թրամփը սպառնում է
06.01.2020
Իրաքը դուրս է հրավիրել օտարերկրյա զինված ուժերը երկրի տարածքից. Թրամփը սպառնում է

Բաղդադը սահմանափակումներ է մտցրել միջազգային կոալիցիայի երկրի տարածքում ցամաքային և օդային  տեղաշարժերի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Իրաքի ԶՈՒ ներկայացուցիչ Աբդել Քերիմ Հալֆը, հայտնում է Interfax-ը:  Նա նշել է, որ միջազգային կոալիցիայի գործունեությունը Իրաքում կսահմանափակվի խորհրդատվություններով, սպառազինությամբ ու զինվորականների մարզումներով, իսկ զինված ուժերը կլքեն երկրի տարածքը: Նա նաև տեղեկացրել է, որ օտարերկրյա զորքերի դուրսբերման մեխանիզմների նախապատրաստման գործընթացը մեկնարկել է: «Աչք փակել ամերիկյան հարվածների վրա չի կարելի»,- լրագրողներին ասել է Հալֆը:  Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրաքը պնդի ամերիկյան զորքերի դուրսբերումը երկրի տարածքից, ապա կհանդիպի աննախադեպ պատժամիջոցների: Թրամփը նշել է, որ այդ պատժամիջոցները կլինեն Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից ավելի կոշտ: «ԱՄՆ-ն չի պատրաստվում զորքը դուրս բերել Իրաքի տարածքից, մինչև Իրաքը չփոխհատուցի այնտեղ ԱՄՆ-ի կողմից կառուցած ռազմաբազայի ծախսերը»,- հայտարարել է նա: Նախօրեին Իրաքի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով դուրս բերել օտարերկրյա զորքերը երկրի տարածքից: Խորհրդարանը կոչ է արել արգելել ցանկացած օտարերկրյա ռազմական ակտիվություն երկրում, օդային տարածքում կամ տարածքային ջրերում՝ անկախ նրանից, թե ինչ հանգամանքներով է նման ակտիվությունը պայմանավորված: Ներկայումս Իրաքում մոտ 5000 ԱՄՆ զինծառայող կա, որոնք հիմնականում ռազմական խորհրդականներ են: Այս քայլին Իրաքը գնացել է ի պատասխան հունվարի 3-ին ԱՄՆ-ի կողմից Բաղդադի օդանավակայանի շրջակայքին հասցված հրթիռային հարվածի, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։