Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին։ Այդ մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Այս մասին ասված է Արցախի ՊԲ հայտարարության մեջ: «Ինչպես արդեն հայտարարել էինք ժամեր առաջ, վերահաստատում ենք, որ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ Այս պարագայում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը այլ կերպ, քան քարոզչական սադրանք հնարավոր չէ որակել։ ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասված է հայտարարության մեջ։ VERELQ-ը հիշեցնում է, որ երեկ ուշ երեկոյան WarGonzo նախագծի Տելեգրամյան ալիքը տեղեկացրեց, որ Հադրութի շրջանում մարտեր են ընթանում: Ըստ աղբյուրի՝ զինված բախումները մի քանի ժամ են ընթանում, կան վիրավորներ: Ավելի վաղ ռուս խաղաղապահները դեկտեմբերի 16-ին շրջափակումից դուրս էին բերել մի խումբ հայ զինծառայողների ԼՂՀ Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի հատվածում: Գործողությունն իրականացվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ: Այս ամիս Ադրբեջանի զինված ուժերը հարձակումներ են ձեռնարկել նշված երկու գյուղերի ուղղությամբ, որոնք նոյեմբերի 9-ին Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ: ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը խոստովանել է, որ մի քանի տասնյակ հայ զինծառայողներ գերի են ընկել Խծաբերդ գյուղի մերձակայքում: Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին: Ադրբեջանական և հայկական կողմերը պետք է մնան պատերազմի 44 օրերի ընթացքում գրավված դիրքերում, հակամարտության տարածաշրջանում տեղակայված են ռուս խաղաղապահներ։ Նախատեսված էր ԼՂՀ հարակից շրջաններից հայկական զորքերի դուրսբերման ժամանակացույց։ Ռուս խաղաղապահների եւ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների աջակցությամբ կողմերը պայմանավորվել են ռազմագերիների եւ զոհված զինծառայողների մարմինների փոխանակում իրականացնել: