24.11.2024
Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի ոչ ֆորմալ հանդիպումը
prev Նախորդ նորություն

Հայաստանը ջանք ու եռանդ չի խնայի համատեղ ծրագրեր իրականացնելու համար. Փաշինյանը` Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում` կառավարության նախարարական համաժողովների կենտրոնում մասնակցել են «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովի ամփոփիչ պլենար նիստին:


Ինչպես հայտնում են կառավարության մամուլին ծառայությունից, համաժողովին մասնակցել են Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, տեղի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչներ:


Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.


«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,
Ֆրանսիայի և Հայաստանի կառավարությունների հարգարժան անդամներ,
Սիրելի բարեկամներ,


Մեծ պատիվ է այսօր ներկա գտնվել այստեղ՝ Փարիզում, և եզրափակել Հայաստանի և Ֆրանսիայի միջև նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» համաժողովը, որը կազմակերպվել է բարեկամ Ֆրանսիայի կառավարության կողմից՝ նախագահ Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո։


Այս կարևոր հոբելյանի առիթով կցանկանայի վերահաստատել, որ մեր պետությունների միջև հարաբերությունները գտնվել և գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, իսկ այս ժամանակահատվածը բնութագրվում է որպես շարունակական վերելքի, առանձնաշնորհյալ հարաբերությունների բարեկամության ու սերտ համագործակցության երեսնամյակ։


Այսօր Փարիզում, Ֆրանսիայի նախագահի, հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ, Հայաստանի ու հայ ժողովրդի անունից երախտագիտություն եմ հայտնում այս տարիների՝ բացառիկ ջերմությամբ լի հարաբերությունների ու բարեկամության համար։


Այո՛, մենք՝ հայերս, երախտապարտ ենք եղբայրական Ֆրանսիային` անցած երեսուն տարիների ընթացքում մեր հանրապետությանը ցուցաբերած անկեղծ ու անշահախնդիր աջակցության և հայ ժողովրդին ու նրա արդարացի ձգտումներին ականջալուր լինելու համար: Մենք չենք մոռանում Ֆրանսիայի` որպես առաջին երկրի կողմից Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելը ու վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանի հետ ապրիլի 24-ը պետականորեն ոգեկոչող միակ երկիր լինելու հանգամանքը։


Նախորդ երեսուն տարիների ամենակարևոր ձեռքբերումներից է նաև Հայաստանի ու Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև ձևավորված սերտ և անմիջական կապերի հաստատումն ու նորանոր ծրագրերի կյանքի կոչումը։


Հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևոր սյուներից է կրթական համագործակցությունը, որը նպաստում է նաև մեր երկրում ֆրանկոֆոնիայի տարածմանը: Դրա մասին են վկայում Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ սերտ համագործակցությամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Ֆրանս-հայկական մասնագիտացված ուսումնական կենտրոնի, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական լիցեյի, ինչպես նաև մի շարք ուսումնական հաստատությունների միջև դինամիկ գործակցությունը: Այս հաստատություններին է միանում նաև Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտը, որի վերաբերյալ որոշման ընդունման համար բարձր ենք գնահատում պարոն նախագահ, Ձեր ակտիվ ներգրավվածությունը: Այս ինստիտուտը, տեղակայված լինելով Ազնավուր կենտրոնում, հայ երիտասարդությանը բացառիկ հնարավորություն է ընձեռում կրթվել ու դաստիարակվել Մեծ հայի, Մեծ ֆրանսիացու ու հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշ` Ազնավուրի ոգով:


Ուրախ ենք Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման հավակնոտ ծրագրի գաղափարով, և կցանկանայի հաստատել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է նպաստելու այդ կարևոր նախաձեռնության իրականացմանը:


Շնորհակալ ենք Ֆրանսիային նաև հայկական հաջողությունները կիսելու համար. նորարարական կրթության ոլորտում համագործակցության փայլուն օրինակ ու Հայաստանի համար ոգևորիչ են Փարիզում և վերջերս Լիոնում բացված Թումո կենտրոնները:


Առողջապահության ոլորտում արդեն իսկ առկա Փարիզի և Լիոնի հիվանդանոցների ցանցի, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության և հայկական բժշկական հաստատությունների միջև շատ ակտիվ համագործակցությամբ հանդերձ, նախանշվում են նոր ծրագրեր: Այս ոլորտում համագործակցությունը լավագույնս դրսևորվեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ու դրանից հետո, երբ մի քանի տասնյակ բժիշկներ այցելեցին Հայաստան` հայ վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար:


Միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության առումով չէի կարող չնշել 2018թ. Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որը Հայաստանի անկախությունից ի վեր` միջազգային մասշտաբով անցկացվող առաջին ամենամեծ միջոցառումն էր մեր երկրում:


Հարգելի պարոն նախագահ
Հարգելի ներկաներ,


2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ինչպես նաև ներկայումս առկա գլոբալ մարտահրավերների համատեքստում Հայաստանն այսօր կենսական կարիք ունի ամրապնդելու իր տնտեսությունը, նոր շունչ հաղորդելու տնտեսական քաղաքականությանը, այդ թվում՝ ներգրավելով նոր ներդրումային ծրագրեր։


Ուրախ ենք, որ Ֆրանսիան պատերազմից հետո քաղաքական կամք է հայտնել՝ տնտեսապես աջակցելու Հայաստանին և նորովի խթանելու հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը։


Ունենալով ֆրանսիական կապիտալով Հայաստանում ներկայացվածության հաջողված օրինակներ՝ «Ամունդի-Ակբա», «Վեոլիա», «Պեռնո Ռիկար», «Քարֆուր», ինչպես նաև Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից իրականացված մի շարք ծրագրեր, նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված Հայաստանի և Ֆրանսիայի միջև Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հնգամյա ճանապարհային քարտեզն ընձեռում է լայն հնարավորություններ և հանդիսանում է կարևոր հիմք` ուղղված ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հավակնոտ գործակցության խթանմանը:


Այսօրվա համաժողովը և դրա հարուստ ու տպավորիչ ծրագիրը, անկասկած, վերջին ամիսներին իրականացված հետևողական քայլերի տրամաբանական շարունակությունն է և ստորագրված ճանապարհային քարտեզի կյանքի կոչմանն ուղղված առաջին քայլերից մեկը։ Ուստի, թույլ տվեք համոզմունք հայտնել, որ համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումները, հայ ու ֆրանսիացի գործընկերների միջև շփումներն իսկապես արդյունավետ կլինեն՝ սկիզբ դնելով բեղուն աշխատանքային համագործակցությանը և նոր ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը։ Հայաստանի կառավարության անունից կարող եմ հավաստիացնել, որ մենք ջանք ու եռանդ չենք խնայի համատեղ ծրագրերի արդյունավետ իրագործման համար։


Սիրելի բարեկամներ,


Նշելով հանդերձ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա հոբելյանը՝ չմոռանանք նաև, որ այս երեք տասնամյակը միայն մի կտորն է հայ-ֆրանսիական շփումների ու հարաբերությունների հարուստ խճանկարում։ Սկսած միջնադարից՝ հայ-ֆրանսիական շփումները եղել են մշտական ու բազմաշերտ։ Բավարար է միայն հիշատակել միջնադարում Ֆրանսիական ու Կիլիկիան Հայկական թագավորությունների միջև սերտ հարաբերությունները և մշակութային առնչությունները։ Դրա ամենամեծ խորհրդանիշերից մեկը Հայոց Կիլիկիան վերջին արքա Լևոն 6-րդ Լուսինյանն է, ում մասունքներն ամփոփված են Սեն-Դընի բազիլիկում՝ Ֆրանսիայի նշանավոր արքաների կողքին։


Հայ-ֆրանսիական հարաբերությունների մերօրյա կենդանի խորհրդանիշը Ֆրանսիայում, իհարկե, 700 հազարանոց հայկական աշխույժ համայնքի առկայությունն է, որը մեր արդյունավետ համագործակցության կարևոր շարժիչ ուժերից է և մեր ժողովուրդների միջև անխոչընդոտ համագործակցության ու հարատև եղբայրության առհավատչյան։


Չեմ կարող չանդրադառնալ 44-օրյա պատերազմին և այդ օրերին Ֆրանսիայի դրսևորած համերաշխությանը հայ ժողովրդի հետ։ Մասնավորապես՝ կցանկանայի հիշեցնել, որ նախագահ Մակրոնը համաշխարհային առաջնորդներից առաջինն էր, ով հստակ ու անկողմնակալ գնահատական տվեց տեղի ունեցած իրադարձություններին։ Նույն կերպ ֆրանսիական հասարակությունը նեցուկ կանգնեց Հայաստանին ամենադժվար պահին, ինչն արտահայտվեց նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի՝ ի պաշտպանություն արցախահայության իրավունքների ընդունված բանաձևերում։


Այս համատեքստում կցանկանայի վերահաստատել Հայաստանի բարձր գնահատականը Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարևոր դերակատարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և հույս հայտնել, որ մյուս համանախագահների հետ համատեղ միջնորդական ջանքերը թույլ կտան խաղաղություն հաստատել տարածաշրջանում և նպաստել հաղորդակցության ուղիների բացմանն ու տնտեսական համագործակցության խթանմանը։


Անդրադառնալով այս կարևոր միջոցառմանը՝ կրկին կցանկանայի գնահատանքի խոսք ուղղել ֆրանսիական կառավարությանը և, մասնավորապես, նախագահ Մակրոնին, այս համաժողովի նախաձեռնության և մեկ տանիքի տակ հայ-ֆրանսիական համագործակցության բոլոր դերակատարներին հավաքելու համար։ Ուրախ եմ այստեղ ողջունել Ֆրանսիայի կառավարության անդամներին, ֆրանսիական հանրային ինստիտուտների ղեկավարներին, ֆրանսիական շրջանների, դեպարտամենտների ու քաղաքների ներկայացուցիչներին, ֆրանսահայ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց արժեքավոր ներդրման և հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրվածության համար»: