Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների զինծառայողները «Ստեփանակերտ» զորավարժարանում մի շարք ուսումնական խնդիրներ են մշակել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Կրակային պատրաստության պարապմունքների ընթացքում զինծառայողները տարբեր տիպի թիրախների վրա կրակել են ինքնաձիգներից եւ գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, ենթասպասային եւ ձեռքի հակատանկային նռնականետերից: Չնայած դիտորդական դիրքերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից պլանավորված են մարտական պատրաստության հիմնական տեսակների, այդ թվում՝ մարտավարական, մարտավարական-հատուկ, կրակային, ինչպես նաեւ մարտական մեքենաների եւ այլ հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի վարման պարապմունքներ: Ընդհանուր առմամբ մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավված է շուրջ 200 ռուս զինծառայող: Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: