14.09.2025
Ինչո՞վ է պայմանավորված ռեգիոնալ ապաշրջափակման շուրջ բանակցությունների վերսկսումը
18.08.2021
Ինչո՞վ է պայմանավորված ռեգիոնալ ապաշրջափակման շուրջ բանակցությունների վերսկսումը

ՌԴ կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները: Քննարկել են նաև ՀՀ վարչապետի, ԱՀ նախագահի և ՌԴ նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը»,- նշված է հաղորդագրությունում։ «Եթե չեմ սխալվում, վերջին անգամ նման ձևաչափով հանդիպում տեղի էր ունեցել ապրիլին, իսկ մայիսի 12-ի՝ Սյունիք և Գեղարքունիք ադրբեջանական ներխուժումից հետո, հանդիպումների շարքը կասեցվել էր։ Եվ ուրեմն ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական օկուպացիայի և վերջին օրերին սահմանագծի տարբեր հատվածներում մահվան ելքով սադրանքների ֆոնին, ռեգիոնալ ապաշրջափակման շուրջ բանակցությունների վերսկսումը։ Արդյո՞ք սա ենթադրում է, որ Ադրբեջանի առաջ քաշած օրակարգը Հայաստանում հավանության է արժանացել և իշխանությունները հանդուրժելով Ադրբեջանի՝ ՀՀ սուվերեն տարածքում գտնվելու փաստը, առաջնորդվում են ադրբեջանական հավակնությունների տրամաբանության ներքո։ Կոմունիկացիաների բացման, սահմանների դեմարկացիայի և Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու դրա միջազգային ճանաչման հարցը պետք է լինեն մեկ ընդհանուր փաթեթում։ Արցախի հարցը դուրս թողելով ընթացիկ բանակցային օրակարգից, հենց մեկնարկում այս իշխանությունն արձանագրում է, որ առաջ է շարժվում Ադրբեջանից պարտադրվող նախապայմաններով, որում բացառապես ներկայացված է Ադրբեջանի պետական շահը», - ասված է նրա գրառման մեջ։ Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի վերսկսման մասին Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը Մոսկվայում վերսկսել են Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը։ Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները եւ քննարկել Ադրբեջանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը: Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը, Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը: