Ադրբեջանցի պատգամավորները կայցելեն Երևան՝ մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստերին, որոնք տեղի կունենան փետրվարի 22-ին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Երևան կժամանեն Եվրանեսթ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամներ Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։ Ազգային ժողովից ավելի վաղ հայտնել էին, որ նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան: Եվրանեսթի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը կանցկացվեն փետրվարի 22-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մշտական հանձնաժողովների նիստերը հեռարձակվելու են առցանց: