Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին Հայաստանից 10 տոննա հումանիտար բեռ՝ դեղորայք, մանկական կեր, բուժօգնության համար նախատեսված պարագաներ է ուղարկվել Արցախ։ Դեղորայքը բաշխվելու է հանրապետության բուժհաստատություններին՝ բավարարելով 10 օրվա պահանջարկը։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: «Արցախի առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից ցուցաբերվող աջակցությունն ու արդյունավետ համագործակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։