ԵԱՀԿ-ն պետք է կանխի ուժի կիրառման ցանկացած դրսևորում. Արարատ Միրզոյան
Հավատացած ենք, որ ԵԱՀԿ-ն, որպես կազմակերպություն, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ 1990-ականներից, պետք է ակտիվացնի իր ներգրավվածությունը՝ այդ թվում կանխելու ուժի կիրառման ցանկացած դրսևորում: Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
"Մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ նախագահության դերակատարությունը, ինչպես նաև` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ստեղծված կառույցների ներգրավումն՝ իրենց մանդատին համապատասխան",- ասել է Միրզոյանը:
Նա նշել է, որ Հայաստանը ԵԱՀԿ գործընկերներին մշտապես տրամադրում է տարածաշրջանում անվտանգային իրավիճակի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն:
"Այսօրվա հանդիպման ընթացքում մենք անդրադարձ ենք կատարել իրավիճակի շուրջ վերջին զարգացումներին, ես գործընկերոջս ներկայացրել եմ 2021թ. մայիսից Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և հարձակումների, օկուպացիայի, ինչպես նաև ապրիլի 11-ին՝ այցի նախօրեին, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական սադրանքի, ագրեսիվ գործողությունների հետևանքները: Պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հանդիսանում են ԵԱՀԿ արժեքների և Հելսինկիի եզրափակիչ ակտի մի շարք հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումներ",- շեշտել է ՀՀ ԱԳ նախարարը:
Արարատ Միրզոյանի խոսքով՝ վերջին աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ։ Այդ մարտահրավերները պահանջում են բոլոր մասնակից-պետությունների կողմից ԵԱՀԿ պատասխանատվության գոտում կազմակերպության գործիքակազմի բոլոր մեխանիզմների կիրառմամբ առկա խնդիրների հասցեագրում և դրանց վերաբերյալ հստակ դիրքորոշումների արտահայտում՝ առանց ընտրողականության, քաղաքական նախապատվությունների և աշխարհաքաղաքական առաջնահերթությունների: