Մեր նպատակն է նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը. ԵԱՀԿ գործող նախագահ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը եւ պատվիրակության անդամներն ապրիլի 13-ին հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով Բույար Օսմանիին` Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ, ցավոք, ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան համընկել է Հայաստանի տարածքում ադրբեջանական հերթական ագրեսիայի հետ, որի հետեւանքով հայկական կողմն ունեցել է զոհեր ու վիրավորներ:
Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարանում է հումանիտար իրավիճակը: Ըստ Սարգիս Խանդանյանի` ստեղծված իրավիճակի լուծման հարցում միջազգային հանրության գործողությունները պետք է լինեն հստակ եւ հասցեական` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականություն իրականացնելու Ադրբեջանի մտադրությունը:
ԵԱՀԿ գործող նախագահի խոսքով այս այցը փաստում է, որ իրենց ուշադրության կենտրոնում է բարձրացված հարցը, եւ իրենք մտահոգված են տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակով: «Մեր նպատակն է նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»,- ընդգծել է Բույար Օսմանին եւ հույս հայտնել, որ իր նախագահության ընթացքում այս հարցում հնարավոր կլինի դրական քայլեր արձանագրել:
Հայ խորհրդարանականները խոսել են Հարավային Կովկասում առկա անվտանգային բարդ իրավիճակի եւ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերի մասին: ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները վերահաստատել են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջներ իր հարեւանների նկատմամբ եւ ցանկանում է խաղաղ գոյակցություն ապահովել տարածաշրջանում: Անդրադարձ է եղել նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին, նրանց վերադարձի հարցում կարեւորվել է ԵԱՀԿ կողմից գործուն քայլերի իրականացումը:
Քննարկվել են Հայաստան-ԵԱՀԿ երկարաժամկետ համագործակցությանը, ինչպես նաեւ Հյուսիսային Մակեդոնիայի հետ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: