ԵՄ-ն ափսոսանք է հայտնել Տեղ գյուղի շրջանում զինված բախումների կապակցությամբ, ինչը հանգեցրել է հայկական և ադրբեջանական կողմից մարդկային կորուստների: ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ աս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում պետք է պահպանել 1991 թվականի գիծը, կողմերի ուժերը պետք է այդ գծից անվտանգ հեռավորության վրա տեղակայվեն՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։ "Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ 2022 թ-ի հոկտեմբերին Պրահայում ձեռք բերվածները՝ 1991 թ-ի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ կապված: ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստակամ է աջակցելու այս գործընթացին։ Մենք կրկին զսպվածության և բոլոր վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու կոչ ենք անում։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ»,- ասված է հայտարարության մեջ։