Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են Լաչինի միջանցքի փակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին հանրապետությունում կարգուկանոնի պահպանման հետ կապված հարցեր: Այդ համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարել է պատկան մարմիններին շարունակել կատարել իրենց պարտականությունների ուժեղացված ռեժիմով: Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը: Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։